Ինչ կհետևի Բունդեսթագի բանաձևին

Armenia Germany FlagsՀունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայից հնչող զգուշացումներին, ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Այն համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Վերջինիս համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, որը համահեղինակել էր բանաձևը, սպառնալիքների տարափ ստանալու պատճառով գտնվում է ոստիկանության հսկողության ներքո:

Բանաձևի ընդունման նույն օրը և դրանից հետո պաշտոնական Անկարան իր ցասումն է արտահայտում Գերմանիայի քայլի կապացությամբ: Երեկ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել ինչպես Եվրամիությանը, այնպես էլ անձամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը, նրա խոսքով, խոստացել էր անել «հնարավոր ամեն բան», սակայն արդյունքում ոչինչ չարեց: Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը, որ Թուրքիան կդադարի Եվրոպայի համար լինել պատնեշ նրա խնդիրների առաջ» [կասեցնել փախստականների հոսքը դեպի Եվրոպա – ՍիվիլՆեթ] և ԵՄ-ին «միայնակ կթողնի» իր խնդիրների հետ: Նա հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան մտադիր չէ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ընդունել և հորդորել է աշխարհին հարցը «թողնել պատմաբաններին»: Մինչդեռ թուրք հայտնի լրագրող, Al-Monitor կայքի սյունակագիր Ջենգիզ Չանդարը, վերլուծելով տեղի ունեցածը, գրում է, որ հայերի տեսանկյունից, «հատկապես, Սփյուռքում ապրողների», Գերմանիայի ճանաչումը համարվում է Վաշինգտոնից առաջ «վերջին ելքը»: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սյունակագիրը որակում է որպես 2016թ. Թուրքիայի արտաքին քաղաքականության «ևս մեկ պարտություն»:

«Չնայած Բունդեսթագի ընդունած բանաձևը իրավական ուժ չունի, սակայն այն ոչ միայն որպես ցեղասպանություն է ճանաչում 1915թ. դեպքերը, այլև ճանապարհ է հարթում Գերմանիայի դասագրքերում գրվածը արդիականացնելու համար»,- գրում է Չանդարը՝ փաստաթղթի ամենակարևոր կողմերից մեկը համարելով այն, որ Գերմանիան դրանում հիշատակվում է որպես երիտթուրքերի հանցակից:

«Հետևաբար, բանաձևը, ընդգծելով Հոլոքոստի բացառիկությունը, Հայոց ցեղասպանությունը դասում է նույն շարքին և պատասխանատվության մի մասը դնում Գերմանիայի ուսերին»,- նշում է Չանդարը: Նա վստահ է, որ Բունդեսթագի բանաձևը ծառայում է որպես կարևոր փաստաթուղթ, և չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ փաստաթղթեր է ընդունել 23 երկիր, սակայն Գերմանիայի դիրքորոշումը «յուրահատուկ է», քանի որ հենց այդ երկիրն է մասնակցել 1915թ. տեղի ունեցած վայրագություններին՝ որպես Օսմանյան Թուրքիայի դաշնակից:

Ավելին, գրում է հեղինակը, Գերմանիան առաջատար կարգավիճակ ունի ԵՄ-ում և ապաստան է ավելի քան երկու մլն թուրքերի համար:

«Հայերի տեսանկյունից, հատկապես նրանց, ովքեր ապրում են Սփյուռքում և որոնց համար ճանաչումը տասնամյակներ շարունակ եղել է ինքնության հիմնական բաղադրիչն ու դարձել գոյության հարց, Գերմանիայի կողմից ճանաչումը համարվում է Վաշինգտոնից առաջ «վերջին մուտքը», քանի որ ամենից վեր, ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հայերի ցեղասպանության ընդունումը կլինի հայոց ջանքերի պսակը»,- կարծում է սյունակագիրը:

«Կարո՞ղ է դա մի օր տեղի ունենալ»,- հարցադրում է անում նա և պատասխանում. «Դեռ վաղ է ասել, սակայն ակնհայտորեն Գերմանիայի օրենսդիր մարմնի որոշումը կարող է ազդել արևմտյան մյուս երկրների գործողությունների վրա»:

Իսկ ինչպե՞ս բանաձևը կանդրադառնա Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վրա:

Չանդարը կարծում է, որ եթե առաջիկա օրերին և շաբաթներին Անկարան որևէ վճռական քայլերի չդիմի, Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը կգրանցվի որպես 2016թ. Թուրքիայի արտաքին քաղաքականության ևս մեկ պարտություն:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել