Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը Սահակյանը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, առկա խնդիրներով և հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
«Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի և Չարենցավանի քաղաքային իշխանություններին ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: