Ղարաբաղում ծեծել են խորհրդարանի պատգամավորին: Այսինքն, անցանք խաղաղության զբաղմունքին՝ եթե ադրբեջանցին չի կրակում, մենք ենք ադրբեջանցի դիվերսանտը: Ի՞նչ է կատարվում: Ղարաբաղցիներն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ինչ է տեղի ունեցել երկրորդ հայկական պետության հավակնող իրենց հողի վրա: Իսկ տեղի է ունեցել այն, որ վայրենությունն ու պետականությունը միմյանց հետ չեն խոսում:
Տղե՛րք, գուցե Արցախը ձեզ պետք չէ՞: Ասեք: Սահմանին բազմաթիվ որդիներ կան: Նրանց մայրերը պիտի իմանան՝ արժե՞ որդիներ,- հաճախ միակ,- տալ մի գործի համար, որի արդյունքում ոչ Ղարաբաղն է հայերինը, ոչ էլ որդիները՝ մայրերինը: Ծեծելուց հետո էլ դեռ մարդուն կոչ են անում գնալ իր Իջևանը: Քուշկյանին ուղարկեիք Իջևան: Նա էլ ղարաբաղցի չէր: Սեֆիլյանին ու Մոնթեին ուղարկեիք իրենց երկրներ, նրանք էլ ղարաբաղցի չէին: Ձեր տրամաբանությամբ Պասկալևան ընդհանրապես իրավունք չուներ Ղարաբաղի տեղն իմանալ: Քառօրյա պատերազմի ավելի քան 100 զոհ հունիսի 6-ին տանուլ տվեց իր, ինչպես պաշտոնական ճառերում են ձևակերպում, անմահությունը: Դուք, ես լավ չեմ հասկանում, Աստծու՞ց եք կոչված ապականելու ոչ ղարաբաղցիների մղումները՝ լինել ղարաբաղցի: Սակայն նույնիսկ թուրքն է գոնե մեկ օր դառնում Հրանտ Դինք:
Ի՞նչ է արել Խանումյան Հայկը՝ քննադատել է Բակո Սահակյանի՞ն: Եթե Բակո Սահակյանն անձեռնմխելի է, ո՞ւր է Սահմանադրության համապատասխան կետը, ո՞ւր է դիկտատուրայի հաստատման մասին պաշտոնական փաստաթուղթը: Եվ, ի վերջո, Բակո Սահակյանն ո՞վ է՝ հայորդի, որը հաստատ 800 հեկտարի վրա շնչում է նույն օդը և ձևակերպում նույն նպատակները, ինչ՝ Հայկ Խանումյանը: Գումարած դրան, ոչնչով ավելի լավը չէ իր երեկվա զոհից: Հայկը իրավունք չունի՞ քննադատելու: Էդ դեպքում էդ ի՞նչ հեքիաթներ են, թե Ղարաբաղում վաղուց է հաղթել ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունը, տղերք, ինքն իր հայելին է, որտեղ ոչ մի ծուռ բան չկա, ընկալումների ձեր ծռությունը մի փաթաթեք ժողովրդավարության վզին:
Խանումյան Հայկը գիտե՞ր, որ չպիտի քննադատի Բակո Սահակյանին: Հայաստանում փայփայում են Արցախը, հասկանո՞ւմ եք: Այստեղ նույնիսկ Արցախի անունից ընդդիմությունն է դադարել ընդդիմություն լինել, որպեսզի դուք «հարաճուն կերպով» (Ֆյոդոր Դոստոևսկի) լինեք ժողովրդավարական: Որպեսզի, երբ ադրբեջանցի երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլին էլ մեն-մենակ մտնի Արցախ, ուղղակի կորցնի կողմնորոշումը՝ ինքը մոր փորո՞ւմ է, թե՞ թշնամի հողի վրա: Իսկ հիմա դուք ասում եք՝ նույնիսկ Արցախի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի կյանքը չենք երաշխավորում, ուր մնաց՝ ոխերիմ արվեստագետ Փոլադինը: Այսինքն, ի՞նչ: Հանուն Արցախի մեր ընդդիմության ընդդիմադիր չլինելու պասը պսևդոպա՞ս է, թե ուզում եք ասել, որ ոչ մեկին չեք խնդրել ձեզ համար պաս պահել:
Այստեղ հանուն Արցախի Սերժ Սարգսյանին են խնայում, հայաստանցու համար սա գրեթե Իլհամ Ալիևին ձեռքերի մեջ ձվածեղ սարքել և հյուրասիրել է նշանակում: Համաձայն եմ՝ գուցե չեք խնդրել պաս պահել: Բայց մահը, տղերք, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մահը պսևդոմահ չէր, չէ՞: Իրեն պայթեցրեց կոնկրետ հողի վրա: Կոնկրետ հողի համար: Տեղեկությունները Ղարաբաղից են: Այստեղ ոչ ոք դրանք կասկածի տակ չի դրել: Թե՞ իմաստ ունի այն անմահությունը, որը միայն բազմապատկում է Բակո Սահակյանի անձեռնմխելիությունը: Թե՞ ողբացող մայրերը կոնկրետ չեն: Թող Արցախի իշխանությունը հիշի ինչ երկյուղով էր հերոսի կոչում շնորհում «մոնումենտցի Կյաժին»: Որովհետև իրենց էլ էր պարզերես անում այդ տղան: Որպեսզի այդ հողի վրա «կայացած» մահը բացառի անպատկառությունը, որը խաղաղության բացիլներից է:
Արցախցին պատվի հարված ստացավ: Հայկն ասում է, որ բռնություն գործադրողները զինվորական շորերով էին: Իսկ ծեծն արդարացնո՞ղը՝ մի ամբողջ նախագահի խոսնակ: Նույնիսկ արցախցի մի լրագրող է ողջունել ծեծը: Որովհետև հավերժի մեջ մի Հայկ ավել, մի Հայկ պակասն ի՞նչ: Բայց էս մտածողությունը գալիս և հարվածում է նրանց, ովքեր ընկնում են այդ հողի վրա: Այդ հողի վրա,- ասում եմ ձեզ,- ոխերիմ արվեստագետ Փոլադն էլ է որդի: Երբ մեկը հաշիվ չէ, ուրեմն ոչ ոք հաշիվ չէ, ուրեմն ոչինչ Արցախի մասին չէ, ուրեմն Բակո Սահակյանն ավելին է, քան՝ ամբողջ Արցախը, ուրեմն, պայքարն իմացյալ չէ, այլ այնքան, որքան անհրաժեշտ է ինչ-որ մեկի անձեռնմխելիությանը, ուրեմն, զոհաբերության տակ մենք և ոմանք,- և շատ ծանրակշիռ ոմանք,- Արցախում բոլորովին այլ բան են հասկանում, ուրեմն Բակո Սահակյանը հանրային շահ է մի պայքարի անունից, որտեղ թշնամին ոչ թե ադրբեջանցի դիվերսանտն է, այլ՝ հայերենը, որը չի կրակում: Ի դեպ, այս ամենը չսկսվե՞ց նրանից, երբ Ազատամարտիկների փողոց ունեցող երկրի նախագահի վերջին ընտրություններում Արցախի հերոս ազատամարտիկը պարտվեց ԿԳԲ-շնիկին: 800 «քոսոտ» և ամայի հեկտարի կորստյան ակունքնե՞րն էլ գուցե այդտեղ գտնենք: