Չեխիայի նախագահը կոչ կանի կառավարությանը և խորհրդարանին ճանաչել Ցեղասպանությունը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ցանկանում է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը, Զեմանն ասել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:

«Ես իմ տեսակետը հայտնել եմ դեռևս կարծեմ 2014 թվականին, երբ իմ հրավերով Պրահայում էր գտնվում Հայաստանի նախագահը: Նշել եմ, որ 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն է: Ու քանի որ մյուս շաբաթ միասին մեկնելու ենք Հայաստան, դա ես կկրկնեմ»,- ասել է նա:

«Բայց պետք է նաև հաջորդ քայլը անել: Եվ ես պետք է Հայաստանից վերադառնալուց հետո դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին: Բայց ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այս բնագավառում մենք հետ ենք մնում»,- ասել է նախագահ Զեմանը` նշելով, որ այդ մասին խոսելու է նաև արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ Հայաստանից վերադառնալուց հետո:

***

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պետական այցով Հայաստան կժամանի հունիսի 7-9-ը: Այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

2014թ. հունվարի 30-ին Պրահայի ամրոցում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին Զեմանը ասել էր. «Ես ասացի նրան [Սերժ Սարգսյան], որ մեր ժողովուրդների պատմությունը ինչ-որ չափով նման է: Հաջորդ տարի լրանում է հարյուր տարին 1915թ. Հայոց ցեղասպանության, որի ժամանակ սպանվել է մեկ ու կես միլիոն հայ: Պարոն նախագահին ասացի նաև, որ ցեղասպանություն սպառնում էր նաև չեխ ժողովրդին, եթե Գերմանիան հաղթեր 2-րդ համաշխարհային պատերազմում»:

Մեկնաբանել