Թուրքիան մտադիր է ճանաչել նամիբիացիների ցեղասպանությունը

2004թ., գերմանացի նախարար Հայդեմարի Վիչորեկ Ցոյլը Նամիբիայում մասնակցում է ցեղասպանության 100-րդ տարելիցին

Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլյունքը հանդես է եկել 1900-ականներին Գերմանիայի կողմից նամիբիացիների ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնությամբ, հաղորդում է Haberturk-ը: Թուրքիայի այս քայլը հետևել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Մեթին Քյուլյունքը հայտարարել է, որ Աֆրիկայի Նամա և Հերերո ցեղերը զանգվածայնորեն բնաջնջվել են 1900-ականներին գերմանացիների հետ բախումներում և առաջարկել է սպանդը ճանաչել որպես «ցեղասպանություն»:

Թուրք պատգամավորի խոսքով՝ գերտերությունները «ցանկանում են ճնշել Թուրքիային և այդ նպատակով օգտագործում են հայկական հարցը»: Օրենսդրի համոզմամբ՝ «ցեղասպանության օրրանը Եվրոպան է»:

«Եթե պատմաբանները ցանկանան իմանալ, թե ինչպես է իրականացվում ցեղասպանությունը, նրանք պետք է ուսումնասիրեն Նորվեգիայի, Գերմանիայի և Անգլիայի օրինակները, նրանք պետք է հետազոտեն, թե ինչ է տեղի ունեցել 90-ականներին Բոսնիա-Հերցեգովինայում: Եթե նայեն, կտեսնեն, որ ցեղասպանության մշակույթը արմատավորվել և կյանքի է կոչվել Եվրոպայում, քանի որ հենց եվրոպական մշակույթի կենտրոնում է մարդկությունն իրեն նմանեցնելու ձգտումը»,- ասել է թուրք օրենսդիրը:

Գերմանիային նամիբիացիների ղեցասպանության մեջ օրերս մեղադրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. վերջինս Գերմանիային հիշեցրել է նաև Հոլոքոստը:

«Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ դուք պետք է հաշվետու լինեք ավելի քան 100 հազ. նամիբիացիների բնաջնջման համար»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլի համալսարաններից մեկում:

Աֆրիկայի Հերերո և Նամա ցեղերի ցեղասպանությունը

1904-1907թթ. Կայզերական Գերմանիայի զորքերը Հարավարևմտյան Աֆրիկայում բնաջնջել են տեղաբնիկ Նամա և Հերերո ցեղերի ավելի քան 100 հազ. ներկայացուցչի:

2004թ. Գերմանիայի կառավարությունը ճանաչել և ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, սակայն հրաժարվել է ֆինանսական փոխհատուցում վճարել:

Նամիբիայի Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2004թ. օգոստոսի 16-ին, Գերմանիայի կառավարության անդամ, էկոնոմիկայի, զարգացման և համագործակցության նախարար Հայդեմարի Վիչորեկ Ցոյլը պաշտոնապես ճանաչել և ներողություն է խնդրել ցեղասպանության համար՝ ասելով. «Մենք՝ գերմանացիներս, ընդունում ենք մեր պատմական և բարոյական պատասխանատվությունն ու մեղքը, որը գործել են գերմանացիները այդ ժամանակաշրջանում»: Նախարարը բացառել է հատուկ փոխհատուցման վճարումը, սակայն խոստացել է Նամիբիային տարեկան հատկացնել 14 մլն դոլարի տնտեսական օժանդակություն:

2015թ. հուլիսին Գերմանիայի կառավարությունն ու խորհրդարանը 1904-1907թթ. իրադարձություններն անվանել է «ցեղասպանություն» և «ռասսայական պատերազմի մաս»:

Բունդեսթագի բանաձևը

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայից հնչող զգուշացումներին, ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Այն համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Վերջինիս համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, որը համահեղինակել էր բանաձևը, սպառնալիքների տարափ ստանալու պատճառով գտնվում է ոստիկանության հսկողության ներքո:

Բանաձևի ընդունման նույն օրը և դրանից հետո պաշտոնական Անկարան իր ցասումն է արտահայտում Գերմանիայի քայլի կապացությամբ: Երեկ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել ինչպես Եվրամիությանը, այնպես էլ անձամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը, նրա խոսքով, խոստացել էր անել «հնարավոր ամեն բան», սակայն արդյունքում ոչինչ չարեց: Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը, որ Թուրքիան կդադարի Եվրոպայի համար լինել պատնեշ նրա խնդիրների առաջ» [կասեցնել փախստականների հոսքը դեպի Եվրոպա – ՍիվիլՆեթ] և ԵՄ-ին «միայնակ կթողնի» իր խնդիրների հետ: Նա հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան մտադիր չէ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ընդունել և հորդորել է աշխարհին հարցը «թողնել պատմաբաններին»:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել