«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը` ՀՀ նախագահության առաջնայնություններից

Bordyuzha Sargsyan StrategyՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որոնք Երևանում մասնակցում են Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին:

Ինչպես հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս այդ նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար:

ՀՀ ղեկավարը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում կայացած նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է արդյունավետ:

Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:

Մեկնաբանել