Լուծարվել է «Քաղաքացիական պայմանագրի» Վանաձորի կառույցը

12316210_1048152855235913_6617042293156741845_n«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցը լուծարվել է: Կառույցի խորհրդի մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են կուսակցությունից դուրս գալու մասին:

Համաձայն հայտարարության` այս որոշման պատճառը անհամաձայնությունն է վարչության կողմից իրականացվող քաղաքական գործելաոճի հետ, ընդդիմադիր դաշտում առանձնացված գործելաոճը, ընդդիմադիր միասնականությունը չհանդուրժելը, տարածքային կառույցի ու խորհրդի անդամների կարծիքը հաշվի չառնելը:

«Այս որոշման համար հիմք են հանդիսացել վերջին օրերի իրադարձությունները, որի վերաբերյալ ՔՊԿ վարչությունը մասնավորապես հայտնել է հետևյալը`

  • որ իբր Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի անդամները մյուս ընդդիմադիրների հետ բանակցություններ են վարել հնարավոր դաշինքի ձևավորման ուղղությամբ, և դա ներկայացվել է որպես «ծրագրային և կանոնադրական պահանջներն իրականացնելու, քաղաքական կամքի բացակայություն», այնինչ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը, նույն կանոնադրության համաձայն և օրենքով նախատեսված կարգով տարածքային կազմակերպությունների խորհուրդների իրավասության հարցեր են:
  • որ տարածքային կառույցի վերահսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը` Մենուա Բրուտյանը, ով անկուսակցական է, համաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանդես գալ որպես «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու:

Նույնիսկ եթե ինչ-որ քննարկումներ եղել են, որը որևէ մեկը չի ժխտում, դրանք եղել են հանուն Վանաձորի բնակիչների և կուսակցության շահերի, որի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և ոչ ոք այդ մասին հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել:

Եվ ի վերջո, եթե նույնիսկ տարածքային կազմակերպության որևէ անդամ որևէ պահի դիցուք խախտել է կանոնադրությունը, այն չի կարող հիմք հանդիսանալ վարչության կողմից տարածքային կազմակերպության լուծարման համար:

Կարծում ենք` Վանաձորի տարածքային կազմակերպությունը լուծարելու որոշում կայացնողներն իրենք էլ չեն պատկերացրել, որ նման որոշումը կարող է մեծ հակազդեցության արժանանալ ոչ միայն Վանաձորի տարածքային կազմակերպության անդամների, այլև մյուս տարածքայինների անդամների կողմից:

Բնական և հասկանալի է կուսակցության այն անդամների անհանգստությունը, ովքեր իրենց անհամաձայնությունն ու մտահոգությունն են արտահայտում այս և համանման հարցերի վերաբերյալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը դրանով փորձում էր շտկել իրավիճակն ու բարձրացնել ներքին ժողովրդավարության մակարդակը, որպեսզի գործընթացները ճիշտ ուղղությամբ զարգանային:

Ցավոք, այդ ամենն ապարդյուն էր, քանի որ այս օրերի ընթացքում վարչության անդամներն ունեին հնարավորություն վերանայել և չեղարկել այդ անհիմն և անօրինական որոշումը: Ստեղծված իրավիճակում չենք տեսնում կուսակցության ներսում առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ վարչության առերևույթ հանրապետականից չտարբերվող աշխատելաոճի պայմաններում անիմաստ ենք համարում մեր անդամակցությունը:

Այսուհանդերձ, մենք հետ չենք կանգնում այն մտքից, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում իշխանափոխության միակ ճանապարհը ընդդիմադիր դաշտի միասնական ճակատով` դաշինքով մասնակցելն է` մի կողմ դնելով նեղ կուսակցական շահերը: Ուստի ողջունում ենք «Ալյանս» կուսակցության կողմից առաջարկվող դաշինքի գաղափարը և մեր աջակցությունն ենք հայտնում: Կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր կուսակցություններին համախմբվել մեկ դաշինքով ընտրություններում հանդես գալու գաղափրի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Վանաձորի` լուծարված տարածքային կառույցի խորհրդի նախագահ Անդրանիկ Սերգոյանը, վերահսկող Մետաքսյա Դավթյանը, խորհրդի անդամներ Մարինե Պետրոսյանը և Քանաքարա Խանաղյանը:

***

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել լուծարել Վանաձորի տարածքային կառույցը հունիսի 1-ին: Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը կայացվել է միաձայն` իրացնելով կանոնադրական իրավունքը: Նրա խոսքով` Վանաձորում առաջիկայում կստեղծվի «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային նոր կառույց:

Մեկնաբանել