Մենք մեր Վերմախտն ունենք, Մարիա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապշած է Երեւանում Վերմախտի հետ համագործակցած Նժդեհի արձանի տեղադրմամբ: Տեղադրողները,-գոնե տեղյա՞կ է ռուս պաշտոնական աղջիկը,-իշխանությունն է: Ուզում է ասել, որ մենք ֆաշիստին բերել, կանգնեցրել ենք Երեւանի կենտրոնում: Ի՞նչ կապ ունի Վերմախտը, աղջիկ ջան:

Ուզում ես ասել՝ Վերմախտն անցյա՞լ է: Ուզում ես ասել՝ Վերմախտը հնարավոր է եղել միայն Գերմանիայու՞մ: Ուզում ես մեզ հեռու՞ պահել Վերմախտից: Չես կարող, Մարիա: Մենք մեր Վերմախտն ունենք: Դուք էլ կունենաք: Եվ ընդհանրապես, Վերմախտը բառ չէ, այլ՝ հակաբովանդակություն: Իսկ այս աշխարհում ի՞նչն է շատ՝ հակաբովանդակությունը: Նժդեհը հիտլերյան Վերմախտի հետ է համագործակցել ու հիմա չկա, նույնիսկ արձան չէ, որովհետեւ որտե՞ղ է այդ արձանի մեջ Նժդեհը: Մենք ապրեցրել ենք Վերմախտը այլ արարքներում, Մարիա: Մենք 5 հազար դրամ ենք վերցնում Սամվել Ալեքսանյանին քվեարկելու համար, որովհետեւ, ըստ վերցնողի, չվերցնելը համակենտրոնացման ճամբարում ստույգ «ապրելու» երաշխիք է: Ինքը չգիտի, որ Վերմախտը հիմա մուտացվել է, Մարիա: Այն արդեն ֆիզիկապես չի սպանում: Վերջին անգամ Վերմախտը հիտլերյան առոգանությամբ «խոսեց» մարտի 1-ին: Հիմա ապրելն է այդ սպանիչ գաղափարախոսության զոհ լինելը: Թե՞ դուք միայն Հիտլերին գիտեիք: Մերի հասակն է նույնիսկ Հիտլերինի հետ բռնում, Մարիա: Հիտլերը Վերմախտն էր մյուսների աչքերի մեջ նայելով: Նրա ձեռքին Լեհաստանի, Ավստրիայի կամ ԽՍՀՄ-ի օկուպացման քարտեզներն էին: Մերի ձեռքին եվրոպական մարդու իրավունքների հռչակագիրն է, հմայիչս: Որովհետեւ, եթե ձեր աչքերի մեջ նայում են առանց օկուպացման քարտեզի, այլ հռչակագիրը ձեռքին, ուրեմն Վերմախտ չեն: Աղավաղվել է ամեն ինչ, Մարիա: Նժդեհի համագործակցությունն ի՞նչ; Ում վնաս կամ օգուտ տվեց այդ զրոյական համագործակցությունը: Ո՞վ շահեց կամ կորցրեց դրանից: Թերեւս հենց Գարեգին Նժդեհը, որը նույնիսկ չհամագործակցելով էլ էր կորցնելու: Միայն թե ընկներ Ստալինի ձեռքը: Վերմախտն ի՞նչ կապ ունի: Ձեր եզերքների մասին չեմ կարող դատել, այն շատ լայնարձակ է, ինչպես հայտնի երգում է ասվում: Մենք փոքր ենք, մեկ օրում կարող եք տեսնել Վերմախտը «արդյունավետությունն» ու «հմայքը»:

Մեզ չես խաբի, դուստր ռուս մեծ ազգի: Ուզում ես ասել՝ դուք ձեր համար խաղաղ քնած էիք, Նժդեհի արձանը եկավ ու կանգնեց Երեւանի կենտրոնու՞մ: Դուք մեզ ավելի դաժան մեկին եք դեմ տվել 1993-ից: Մինչեւ հիմա ձեր քարանձավային մեղքի տակից մենք չենք կարողանում դուրս գալ, դուք Սերժ Սարգսյանին եք Մոսկվայից գործուղել Հայաստան: Նժդեհի արձանն էդ պահից կանգնեց Երեւանի կենտրոնում: Էդ պահից Ղարաբաղի հարցը դարձավ Հայաստանի անհանգիստ կյանքի առաջին խաղադրամը: Ուշադիր նայեք Սերժ Սարգսյանին: Նա քանի՞ գլխանի է Նժդեհի արձանը Երեւանի կենտրոնում կանգնեցնելու համար: Ոչ ոք նույնիսկ մեկ գլուխ չունի նման ցինիզմի համար: Մի մոռացեք, ԿԳԲ-ն սպանեց Զանգեզուրի փրկչին: Ասում եմ քեզ, Մարիա, աղավաղվել է ամեն ինչ: Մարդասպան կառույցի երբեմնի ղեկավարը Նժդեհի արձան է կանգնեցնում ոչ որպես թողության ճիչ, այլ որպես Նժդեհի կերպարի աղավաղում: Մեր մոտ, Մարիա, բոլոր արժեքները, բոլոր բառերն անգամ աղավաղված են: Վերեւում կոռուպցիա են ասում, որպեսզի մենք ձեռքներս թափ տանք, իբր մեզ չեք զարմացնի, աղքատություն են ասում, որպեսզի մեր իմացած աղքատությունը խլացնեն: Նժդեհի արձանն էս շարքից է, Մարիա: Մի օր արի Հայաստան: Ու կտեսնես, որ մեր լոլիկն անգամ իր իրական համը չունի, իմ սիրած ռեհանն այլեւս ուտելու բան չէ: Այդպես էլ Նժդեհը: Արի եւ ուշադիր նայիր: Աստված գիտի ում դեմքով կանգնեցված այդ մարդն ավելի շուտ դոնժուանյան Կոմանդորին է հիշեցնում, որն Աստծո անունից անգամ չկարողացավ լեզու գտնել միակ սիրո որոնմանը տրված այդ երիտասարդի հետ:

Վերմախտին ինչու՞ ես հիշում: Ուզում ես ասել՝ կայսրության պատրանքը հակացուցվա՞ծ է մի մատ Հայաստանին: Դու դա ու՞մ ես ասում, կարելի՞ է իմանալ: Դու մի ճանաչիր մեր կեղծված ընտրությունները եւ հաջորդ օրն իսկ Նժդեհի արձանը փոշի կդառնա: Այլապես, Մարիա, էդ արձանը մի իրական ուղերձ ունի, դու դրա մասին խոսիր: Լինելու է նույնքան վատ, որքան Հիտլերի օրոք, այսինքն, ընտրություն չի լինելու: Նժդեհի արձանը Հայաստանն ամբողջությամբ իմաստազրկելու հետեւանքն է, ինքը եկել է ամփոփելու այն Հայաստանը, որն, ի տարբերություն Նժդեհի, մենք թաղել ենք մեր ձեռքով (Նժդեհին, Աստված գիտի, ովքեր հուղարկավորեցին Վլադիմիրյան բանտում մահանալուց հետո), առանց բովանդակություն հաղորդելու: Արձանը նոր ուղերձով չի գալիս, նոր ուղերձի համար մենք ունենք Ընտրական օրենսգիրքը: Արձանն էն տեղանշանն է, որից հետո մենք կատարում ենք հաջորդ քայլը: Մեր հաջորդ տեղանշանը 2017-ի ընտրություններն են, դրանից հետո գուցե կարիք լինի Սերժ Սարգսյանի արձանը կանգնեցնել: Արդեն բոլորովին ցողունացված եւ շատ առողջ մի մարդու, որի ղեկավարության օրոք մենք լսեցինք պետության հաջողությունների մասին բոլոր ստերը: Այնպես, որ մենք այլեւս չենք հասկանում, թե իրենք ի՞նչը նկատի ունեն, երբ խոսում են մենաշնորհների դեմ պայքարի, կոռուպցիայի եւ աղքատության մասին: Չենք հասկանում, Մարիա, որովհետեւ ճշմարտություններից մնացին միայն պարզապես բառերը: Ինչպես քո, դասականի ասած, հոխորտանքն է միայն բառեր:

Մեկնաբանել