Բունդեսթագի պատգամավորն առաջարկում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Սևիմ Դագդելեն Սևիմ Դագդելեն

Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ 11 պատգամավորների նկատմամբ սահմանվել է ոստիկանական հսկողություն, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նման անհրաժեշտություն է ծագել այն բանից հետո, երբ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին կողմ էին քվեարկել նաև թուրքական ծագմամբ պատգամավորները:

Ավելին, ինչպես հաղորդում է Der Spiegel պարբերականը, Գերմանիայի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից, քանի որ հնարավոր չէ երաշխավորել նրանց անվտանգությունը:

«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը համահեղինակած՝ Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը փաստաթղթի ընդունումից հետո թուրք ազգայնականներից տասնյակ սպառնալիքներ ստանալու պատճառով ոստիկանության հսկողության տակ է առնվել:

Ինչպես նշում է Der Spiegel-ը, թուրքական ծագմամբ պատգամավորները չեղարկել են իրենց աշխատանքային այցերը Անկարա և, առհասարակ, այցելությունները Թուրքիա:

«Աննկարագրելի է այն, որ այս պահին անհնար է այնտեղ գնալ,- ասել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Այդան Օզոգյուզը: – Էրդողանը պետք է հասկանա, որ մենք Թուրքիայի շարունակությունը չենք»:

«Ես ակնկալում եմ, որ Գերմանիայի թուրքական ասոցիացիաները հստակ կդատապարտեն պատգամավորների դեմ սպառնալիքները»,- ասել է Օզուգյուզը Bild am Sonntag շաբաթաթերթին:

Այդան Օզուգյուզին սատարել է Ջեմ Օզդեմիրը:

Cem Ozdemir«Կարելի է հավանություն չտալ բանաձևին, սակայն թուրքական կազմակերպությունները պետք է անվերապահորեն դատապարտեն մահվան սպառնալիքները»,- Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականին ասել է Օզդեմիրը: Ավելի վաղ բանաձևի համահեղինակը կարծիք էր հայտնել, որ Էրդողանի արձագանքը հարցին «հարիր չէ պետության ղեկավարի»:

Իսկ ահա Գերմանիայի Ձախ կուսակցության անդամ Սևիմ Դագդելենը Գերմանիայի կառավարությանն առաջարկել է դատապարտելուց բացի հստակ քայլեր ձեռնարկել:

AFP-ի հետ զրույցում նա ասել է, որ նախազգուշացումներ տալը բավարար չէ: Բունդեսթագի անդամը պահանջում է, որ Գերմանիայի խորհրդարանականների դեմ բռնության կոչ անողների մուտքը Գերմանիա արգելվի:

«Դա վերաբերում է նաև նախագահ Էրդողանին»,- ասել է Դագդելենը Bild am Sonntag-ին: Դագդելենը, որը Ձախ կուսակցության միգրացիոն քաղաքականության հարցերով խոսնակն է, կարծիք է հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պետք է ավելի խիստ արձագանքի Էրդողանի հարձակումներին:

***

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայից հնչող զգուշացումներին, ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Այն համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

Հունիսի 9-ին Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նիստը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով, որոնք ողջունել է դահլիճում ներկա Անգելա Մերկելը:

Ստելլա Մեհրաբեկյան