Ռուսաստանը կպահպանի ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ. Շոյգուն՝ Օհանյանին

Ohanyan Shoygu MeetingՌուսաստանը մտադիր է պահպանել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ. այսօր Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մենք կցանկանայինք հետագայում նույնպես պահպանել մեր ռազմավարական գործընկերությունը»,- ասել է Շոյգուն՝ հիշեցնելով, որ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորում են ավելի քան 50 պայմանագրեր ու համաձայնագրեր:

«Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը մեզ բավարարում են: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթության ուղղությունը»,- հայտարարել է Շոյգուն՝ նկատելով, որ բազմաթիվ հայ զինվորականներ սովորում են ռուսաստանյան ռազմական բուհերում, և այս տարի ավելի քան 200 սպայի կրթության հայտ է ներկայացվել:

***

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 14-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր՝ ավելի վաղ, կայացել է Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը: Սերգեյ Շոյգուն, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Նրա խոսքով՝ այդ ոլորտում կա «զարգացման և աճի ներուժ»:

Հասանովը տեղեկացրել է, որ այս տարի մոտ 90 ադրբեջանցի սպա կսկսի ուսանել ռուսաստանյան ռազմական բուհերում:

Մեկնաբանել