Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ բանակցությունները և պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում. այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելյա Բուշեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դեսպանը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման կարելի է հասնել միայն «հետևողական և անկեղծ երկխոսության միջոցով»:

«Մինսկի խմբի համանախագահները, լինելով հակամարտության կողմերի միջև միջնորդներ, կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը վստահության ամրապնդման և համապարփակ խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, արդեն հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,- ասել է Բուշեն:

***

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի եզրափակիչ մասին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Վիեննայի գագաթաժողովի պայմանավորվածությունները։ Նրանք համաձայնել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

Սարգսյանն ու Ալիևը նշել են իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվել շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

Մեկնաբանել