Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել

TH_zhirayr-sefilyanՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով [ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ]։

Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: «Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ:

«Ընդ որում, Ժ. Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր:

Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, ժ. Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են նաև, որ այս քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

***

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, «Նոր Հայաստան» քաղաքական շարժման Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է հունիսի 20-ին։

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:

Մեկնաբանել