Չեխիայի նախագահը խորհրդարանին խորհուրդ է տվել քննարկել Ցեղասպանության ճանաչումը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորհրդարանի Պատգաավորների պալատին խորհուրդ է տվել քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

Ինչպես հաղորդում է «Օրեր» եվրոպական ամսագիրը, հունիսի 22-ին Զեմանն ընդունել է Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին։ Համապատասխան տեղեկատվությունը թերթին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկը։

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի սկզբին՝ Հայաստան այցին ընդառաջ, հայտարարել էր, որ ցանկանում է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Հունիսի 8-ին արդեն Երևանում նա հայտարարել էր․ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը ես հայտնել եմ դեռ 2014թ.՝ նախագահ Սարգսյանի՝ Չեխիա այցելության ընթացքում: Նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդը նույնպես նման տառապանքներ կարող էր կրել, պատմությունը կարող էր կրկնվել: Ես գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության անդամ երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես այս հայտարարությանը հաջորդող քայլ` ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն Գերմանիայի օրինակին և կատարեն նմանատիպ հայտարարություն»։

Մեկնաբանել