Կառավարությունը արտոնություն տվեց Սուրիկ Խաչատրյանի ընկերությանը

IMG_5174-copy1Կառավարությունը հունիսի 23-ի նիստին հարկային արտոնություն է տվել «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրի որոշմամբ՝ «Խաչատրյան եղբայրներ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2016թ. մայիսի 12-ից մինչև 2016թ. օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարով:

Համաձայն կառավարության հաղորդագրության՝ ընկերության նպատակն է Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.9 մլրդ դրամի ներդրումներ, որից մոտ 489 մլն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Կառավարութունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Հայկական ժամանակ» պարբերականը նշում է, որ վերոնշյալ ընկերությունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրի Խաչատրյանին և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին։

Մարտին կառավարությունը արտոնություններ էր տվել «Որոտան Սիսթեմս» ընկերությանը, որը նույնպես նախատեսում է կառուցել փոքր հիդրոէներգակասկադ՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Այս ընկերության հիմնադիրը Սենիկ Ջուլհակյանն է, որը, համաձայն մամուլի հրապարակումների, Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է: