Հունիսի 23-ի գործով մինչ օրս չկա մեղադրյալ կամ կասկածյալ․ լրագրողական կազմակերպություններ

Լրագրողական ութ կազմակերպություն՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը, հանդես են եկել հայտարարությամբ՝ մատնանշելով, որ մեկ տարի անց հունիսի 23-ի գործով չկա ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։

«Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաև 13 լրագրող և օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։

Ոստիկանական ստորաբաժանումների այս գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, լրատվամիջոցների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրություններն ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը։

Տասը օր հետո կլրանա նաև այս դեպքերով հարուցված քրեական գործի մեկ տարին։ Համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ այն երկարաձգվել է մինչև ս. թ. օգոստոսի 17-ը։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչներ, որոնցից 21-ը տուժող են ճանաչվել։

Սակայն զավեշտալին այն է, որ մինչ օրս գործով չկա և ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երևում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Այս ամենը վկայում է քրեական գործը ձևական վարելու և այն կոծկելու միտումի մասին»,- նշում են լրագրողական կազմակերպությունները։

Նրանք նաև վերահաստատում են իշխանություններին ուղղված իրենց պահանջները՝ անաչառ և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործի նկատմամբ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015թ․ հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Մեկնաբանել