Ռուսաստանը պատրաստ է Սոչիում բանակցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու Արխիվային լուսանկար Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու
Արխիվային լուսանկար

Ռուսաստանը պատրաստ է երկկողմ բանակցություներ վարել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ Սոչիում, եթե նա դրական արձագանքի խորհրդակցությանը մասնակցելու հրավերին. «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:

«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին և սպասում ենք բոլորին, այդ թվում՝ Թուրքիային և Ուկրաինային, սակայն դեռ պատասխան չկա: Կարծում եմ՝ այս շաբաթ, առավելագույնը՝ մյուս շաբաթ պարզ կլինի»,- ասել է պաշտոնյան:

Նեբենզյան պարզաբանել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ձևաչափը երկկողմ հանդիպումներ չի նախատեսում. դա բազմակողմ հարթակ է: Նեբենզյան, այդուհանդերձ, ենթադրել է, որ եթե թուրք նախարարը ժամանի Սոչի, «կցանկանա խոսել ՌԴ նախարարի հետ»:

«Եվ նման հնարավորություն կլինի: Մենք ոչ ոքից չենք փախչում, չենք թաքնվում, բոլորի հետ խոսում ենք և բաց ենք ցանկացած զրույցի համար»,- հավելել է դիվանագետը:

ՍԾՏՀԿ կազմի մեջ մտնում են սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան թերակղզու պետությունները: ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունը կկայանա հուլիսի 1-ին Սոչիում:

***

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են անցյալ տարեվերջից. նոյեմբերի 24-ին Քեսաբի երկնքում՝ Սիրիա-Թուրքիա սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ռուսական ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչը: Թուրքական կողմը պնդեց, որ ռուսական ռմբակոծիչը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը համոզված է, որ Սու-24-ը եղել է բացառապես Սիրիայի տարածքում:

Թուրքիան վերջերս հաճախ է խոսում հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան Մոսկվան հայտարարում է, որ կարգավորման համար անհրաժեշտ քայլը ներողությունն է: Պաշտոնական Անկարան հակադարձում է, որ ներողություն խնդրելու կամ փոխհատուցում վճարելու հարց օրակարգում չկա: