Ադրբեջան են ներկրվում նոր զինատեսակներ և տեխնիկա. Ալիև

Aliyev New ArmsԱդրբեջան են ներկրվում սպառազինությունների և տեխնիկայի նոր տեսակներ. հունիսի 25-ին երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ վերջերս նյութատեխնիկական ապահովման հետագա ընդլայնման և բարելավման հրամաններ է տվել:

«Տվյալ գործընթացը շարունակվելու է: Մենք ունենք բավականաչափ հնարավորություններ և ռազմական նշանակության արտադրանք ենք ձեռք բերում բազմաթիվ երկրներից: Այսինքն՝ կախված չենք մեկ աղբյուրից: Այս ոլորտում, ինչպես և մյուսներում, գնում ենք դիվերսիֆիկացիայի ճանապարհով»,- Trend գործակալությունը մեջբերում է Ալիևին: Վերջինս հավելել է, որ բանակի կառուցման գործընթացը բնականաբար չի սահմանափակվում միայն նյութատեխնիկական ապահովմամբ. «Կարևոր է նաև մարտունակությունը, և Ադրբեջանը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել բանակի կառուցմանը»:

Ալիևը նաև խոսել է հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ ԼՂ հարցով գագաթաժողովի մասին՝ այն դրական գնահատելով:

«Հուսով եմ՝ գործընթացը կշարունակվի արագացված տեմպով: Մենք կրկին գնում ենք այդ բանակցություններին առանց որևէ նախապայմաններ ընդունելու: Համատեղ ընդունված հայտարարությունում ներկայացված է ամեն ինչ, այդ թվում՝ հիմնախնդրի կարգավորման ուղիները: Զուգահեռաբար քննարկվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների ավելացման հարցը: Ճիշտ է, այնտեղ թվաքանակ չի նշվում, բայց ես կարող եմ ասել, որ այն կարող է ավելացվել առավելագույնը 2-2,5 անգամ: Այսինքն՝ այստեղ հարցը մեծ առաքելության մասին չէ: Եթե հաշվի առնենք, որ շփման գիծը չափվում է տասնյակ կիլոմետրերով, պետք չէ այստեղ որևէ այլ իմաստ փնտրել: Մանդատը նույնպես իր տեղում է, դրանում ոչ մի փոփոխություն չի եղել: Պարզապես 6 աշխատակիցների փոխարեն 12, 13 կամ 14-ը կլինեն, ահա և վերջ»,- հայտարարել է Ալիևը:

Նա անդրադարձել է նաև շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառմանը՝ ասելով, որ «այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա»:

ԼՂ հարցի կարգավորման մասին Ալիևն ասել է, որ այն կարող է «միայն փուլային տարբերակով լուծվել»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Ալիևը:

Մեկնաբանել