Տարօրինակ կլիներ, եթե չասեի առնվազն նույնը, ինչ Սբ Պետրոսի տաճարում. Հռոմի պապ

Լսելով նախագահի ելույթը [Սերժ Սարգսյանի], ունենալով այդ բառի հետ կապված իմ պատմությունն ու հաշվի առնելով, որ անցյալ տարի Սբ Պետրոսի տաճարում ասել էի այդ բառը՝ տարօրինակ կլիներ, եթե չասեի առնվազն նույն բանը. Հայաստանից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

«Այնտեղ ես ցանկանում էի շեշտել ավելին, և չեմ կարծում, որ սխալվել եմ՝ ասելով. «Այս ցեղասպանության, ինչպես և մյուս երկուսի դեպքում, միջազգային մեծ ուժերը այլ ուղղությամբ են նայել»,- Catholic News Agency-ն մեջբերում է Ֆրանցիսկոս պապին:

Նա պատմել է, որ Արգենտինայում հայերի բնաջնջման մասին խոսելիս մշտապես գործածվել է «ցեղասպանություն» բառը:

«Ես այլ բառ չգիտեի: Ես այդ բառին եմ ծանոթ: Երբ եկա Հռոմ, լսեցի մեկ այլ արտահայտություն՝ «Մեծ չարիք» կամ «Սարսափելի ողբերգություն», սակայն հայերեն, չգիտեմ՝ ինչպես դա ասել: Ինձ ասացին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է, այլ բան պետք է ասեմ: Ես մշտապես խոսել եմ անցյալ դարում երեք ցեղասպանությունների մասին, մշտապես երեք: Առաջինը Հայոց ցեղասպանությունն է, ապա՝ Հիտլերինը և վերջապես՝ Ստալինինը,- նշել է Հռոմի Սրբազան քահանայապետը և շարունակել: – Ի սկզբանե այդ ելույթում չկար նման բառ, ճիշտ է: Սակայն լսելով նախագահի ելույթի տոնը և ունենալով այդ բառի հետ կապված իմ պատմությունը ու հաշվի առնելով, որ անցյալ տարի Սբ Պետրոսի տաճարում ասել էի այդ բառը՝ տարօրինակ կլիներ, եթե առնվազն նույն բանը չասեի»:

Հունիսի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, շեղվելով նախապես գրված տեքստից, կրկին գործածել է «ցեղասպանություն» եզրը: Պաշտոնական Անկարան քննադատել է այդ հայտարարությունը՝ այն որակելով որպես «խաչակրաց արշավանքների մտածողությանը բնորոշ հայտարարություն»: Վատիկանը, ի դեմս խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի, հակադարձել է Թուրքիային՝ ասելով, որ Պապը «թուրք ժողովրդին չի վիրավորել, և նրա նպատակը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելն է»:

Մեկնաբանել