Պապի այցը ոչ մի ներդրում չարեց Հարավային Կովկասում խաղաղությանը. Թուրքիայի ԱԳՆ

Հռոմի Պապն ու Գարեգին Երկրորդը աղավնիներ են բաց թողնում Արարատ լեռան ուղղությամբ:

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Հռոմի պապի այցելությունը Ծիծեռնակաբերդ, Հայաստանում և վերադարձի ճանապարհին արած նրա հայտարարությունները «մեկ անգամ ևս վկայում են 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական մեկնաբանությանը նրա անվերապահ հակվածության մասին»:

«Իրականում, այցից առաջ արված հայտարարություններն, ինչպես նաև այցի նախապատրաստությունը հաստատել էին փաստը, որ այդ այցը շահագործվում է: Ֆրանցիսկոս պապը, ցավոք, ինչպես և անցյալ տարի, հուսախաբ արեց Թուրքիային և թուրք ժողովրդին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Պատմական իրադաձությունների հարցում Ֆրանցիսկոս պապի կողմնակալությունը չի համապատասխանում ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղության ու բարեկամության ուղղությամբ նրա ջանքերին, ինչպես նա մշտապես շեշտում է, ո՛չ էլ այս տարվա փետրվարի 3-ի Վատիկանի մամուլի ծառայության՝ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հաղորդագրությանը, որում շեշտադրվում էր համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը»:

«Այսպիսով՝ մենք ափսոսանքով նշում ենք, որ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան և ոչ մի ներդրում չկատարեց Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, հատկապես ճգնաժամային այս ժամանակահատվածում, որի վկայությունն են ապրիլին տեղի ունեցած բախումները Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Իրականում, կեղծ բարեպաշտություն դրսևորողներից, – ինչպիսին Սուրբ Աթոռն է, – ակնկալվում է, որ կթողնեն բարեկամության և խաղաղության ժառանգություն, ինչպես նաև կորդեգրեն հաշտողական դիրքորոշում, որը հարգում է օրենքը»:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաջորդ քայլը լինելու է Անկարայում Վատիկանի թիվ մեկ դիվանագետին ԱԳՆ կանչելը: Թերթը նշում է, որ Վատիկանի դեսպանը, որը վերջերս է ժամանել Անկարա, դեռ չի հանձնել իր հավատարմագրերը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հետևաբար հավանական է, որ Թուրքիայի ԱԳՆ կկանչվի դեսպանության առաջին խորհրդական Անջելո Ակկատինոն:

Անկարան, սակայն, ըստ նույն աղբյուրների, դեռ չի դիտարկում Վատիկանում իր դեսպանին հետ կանչելու հարցը:

***

Հունիսի 24-26-ը կայացավ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Հունիսի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, շեղվելով նախապես գրված տեքստից, կրկին գործածել է «ցեղասպանություն» եզրը: Պաշտոնական Անկարան քննադատել է այդ հայտարարությունը՝ այն որակելով որպես «խաչակրաց արշավանքների մտածողությանը բնորոշ հայտարարություն»: Վատիկանը, ի դեմս խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի, հակադարձել է Թուրքիային՝ ասելով, որ Պապը «թուրք ժողովրդին չի վիրավորել, և նրա նպատակը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելն է»:

Հայաստանից վերադառնալու ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հռոմի Սրբազան քահանայապետն ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում չասեր առնվազն նույնը, ինչ անցյալ տարի Սբ Պետրոս տաճարում:

***

Այս տարվա սկզբին Թուրքիան հայտարարել էր, որ որոշել է վերադարձնել Վատիկանում իր դեսպանին, որը հետ էր կանչվել` ի նշան բողոքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի և Հայոց ցեղասպանության դատապարտման:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում վկայակոչում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրությունը` թվագրված փետրվարի 3-ով:

2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը:

Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էին առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն տալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ էր կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպանը:

Մեկնաբանել