Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

300616OSCEFrank-WalterSteinmeierInfoԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:

Բակո Սահակյանը կարևորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել