Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը փոխշահավետ է. Էրդողան

Erdogan win winԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը հիմնված են «փոխշահավետության սկզբունքի վրա»:

«Մենք երբեք չենք մտածել միակողմանի քայլեր անելու մասին»,- Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում ճաշի ժամանակ ասել է Էրդողանը՝ նշելով, որ բոլոր քայլերը հիմնված են փոխշահավետության սկզբունքի վրա, այլ խոսքերով՝ «շահում են և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան»:

Նույն օրը՝ ավելի վաղ, Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը Էրդողանը գնահատել է որպես «շահավետ երկու երկրների համար էլ»:

«Մենք որոշեցինք արագ քայլեր ձեռնարկել զբոսաշրջության հարցում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այսուհետև Թուրքիայի սահմանները բաց են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար և հակառակը:

Էրդողանը տեղեկացրել է, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերին Չինաստանում՝ Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում: Մինչ այդ՝ հուլիսի 1-ին, Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի ընթացքում կկայանա երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին Սերգեյ Լավրովն ասել է, որ այն «սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Անկարայի հետ փոխգործակցությունը վերսկսելու հիմքեր է ստեղծում»:

***

Երեկ ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների միջև, որի ընթացքում երկու ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու և համագործակցությունը վերականգնելու շուրջ: Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը ծագել էր այնցյալ տարեվերջին, երբ թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռ էին խոցել:

Մեկնաբանել