Հայաստանը ժամանակավոր այլընտրանք է փնտրում Լարսին

Verin-Lars4Վրաց-ռուսական սահմանային Վերին Լարսի անցակետը և ճանապարհը կբացվի 10-14 օրվա ընթացքում. այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ, որպեսզի բացի Լարսից՝ ունենա այլընտրանքային ճանապարհ։ «Դրա հետ կապված նաև Ռուսաստանի հետ պետք է բանակցություններ վարվեն դիվանագիտական ոլորտում։ Ես համոզված եմ՝ լինելու է այդ քայլը երկու իշխանությունների կողմից, որ մենք ունենանք այլընտրանքային ճանապարհ»,- ասաց նախարարը։

Խոսքը Հարավային Օսիայի ճանապարհով փոխադրումների մասին է։ Բեգլարյանը, հիշեցնելով, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև կա քաղաքական մեծ խնդիր, նշեց, որ «շատ բան Հայաստանից կախված չէ, սակայն հույս ունեն գոնե ժամանակավոր օգտագործել այդ ճանապարհը, որը լավ վիճակում է»։

«Մեր հույսը 50/50 է»,- եզրափակեց Բեգլարյանը։

***

Հունիսի 23-ին Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում) Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, որի հետևանքով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Վերին Լարսի անցակետով է իրականացվում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մեծ մասը:

Մեկնաբանել