Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «վիժումը» բնութագրում է որպես պտղի վաղաժամ կորուստ, որ տեղի է ունենում մինչև հղիության 23-րդ շաբաթը և պտղի` 500 գրամ քաշը: Ընդհանուր առմամբ, կլինիկորեն ճանաչված հղիությունների 12%-15%-ն ավարտվում է վիժմամբ: Վիժումների մեծ մասը տեղի է ունենում հղիության մինչև 13-րդ շաբաթը:
Վիժումների պատճառները
Վիժումների պատճառները շատ տարբեր են և հաճախ չբացահայտված: Ամենից հաճախ հանդիպող պատճառն է քրոմոսոմային խանգարումը, մյուս պատճառներից են.
- հորմոնային խնդիրները,
- ապրելակերպը (ծխելը, թմրանյութերի օգտագործումը, թերսնումը և այլն),
- մոր տարիքը,
- մոր վնասվածքները և այլն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ վիժումից հետո կանանց 30%-50%-ը ունենում է տագնապի նշաններ, 10%-15%-ը՝ դեպրեսիայի նշաններ, որոնք հիմնականում տևում են մինչև 4 ամիս:
Վիժման հավանականությունը
Աշխարհում 35-ից ցածր տարիք ունեցող կանանց մոտ վիժման հավանականությունը 15% է, 35-45 տարեկանների մոտ՝ 20%-35%, 45-ից բարձր կանանց մոտ մինչև 50% վիժման հավանականություն կա: Նախկինում վիժում ունեցած կնոջ մոտ նորից վիժելու հավանականությունը 25% է: Նշենք, որ վիժումը հաճախ ոչ թե դեպք է, այլ գործընթաց, որի տարբեր աստիճաններ ու տեսակներ կան:
Վիժման վտանգի ժամանակ կամ վիժումից հետո առաջին նպատակը պետք է լինի արյունահոսության դադարեցումը և/կամ ինֆեկցիաների ներթափանցման բացառումն օրգանիզմ:
Ինչպես խուսափել վիժումից
Վիժումներից խուսափելու համար առողջ ապրելակերպը, նորմայի սահմաններում քաշի պահպանումը, սթրեսներից խուսափելը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմաններ են: Հղիություն պլանավորելուց առաջ և վիժումներից խուսափելու համար շատ կարևոր է մինչհղիության խնամքը:
Մինչ հղիության խնամքը կենսաբժշկական, վարքագծային և սոցիալական առողջական միջամտություններն են կանանց կամ զույգերի համար՝ մինչ կնոջ հղիությունը: Դա նպատակ ունի բարձրացնել նրա առողջության մակարդակը, ինչպես նաև կրճատել վարքագծային, անհատական և միջավայրային գործոնները, որոնք կարող են ունենալ վատ հետևանքներ մոր և մանկան առողջության համար: Որոշ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ հնարավոր է իրականացնել միայն բեղմնավորումից առաջ:
Առողջության տեսանկյունից համարվում է, որ մինչհղիության խնամքը կարող է կրճատել այն հղիությունները, որ շատ վաղ են (վաղ հղիություն է համարվում կնոջ հղիությունը մինչև 20 տարեկանը), շատ մոտ են (երկու հղությունների միջև եղած ժամանակը երկու տարուց քիչ է), ինչպես նաև չպլանավորված հղիությունները: Այն նաև նվազեցնում է գենետիկ խանգարումների ռիսկը:
Բեղմնավորումից մեկ ամիս առաջ և հղիության առաջին երեք ամիսների ընթացքում կինը պետք է ստանա վիտամինների օրական հավելումներ, որոնք պարունակում են նաև ֆոլաթթու, որը կանխում է պտղի մոտ նյարդային խողովակի արատները: Հղիության առաջին շաբաթների ընթացքում ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, վիտամինների պակասը կարող են բացասաբար ազդել պտղի զարգացման վրա:
Աղբյուրներ՝
World Health Organization
American Pregnancy Association
ՀՀ առողջապահության նախարարություն


