Մոտ 42 մլն դրամ՝ Արթիկում հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցելու համար

Screen shot 2016-06-30 at 6.01.49 PM Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ:

Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41 մլն 746 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար․ համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հունիսի 30-ի նիստին։

Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին:

Այսպես՝ 22 մլն 350 հազար դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի 16 մլն 965 հազ. դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը, ըստ նրա, բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:

Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ:

Լոքյանն ասել է, որ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է:

«Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները»,- նշել է նախարարը: