ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Քերին դրական է գնահատել հանգամանքը, որ շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարը վերջին շաբաթներին հիմնականում պահպանվել է և նախագահներին կոչ է արել խուսափել լարվածությունից՝ նպաստելու խաղաղ գործընթացի առաջընթացին։
Նա նախագահներին կոչ է արել կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները։
«Պետքարտուղարը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը բովանդակային բանակցություններին, որոնք կարող են հանգեցնել համապարփակ կարգավորման, և նախագահներին հորդորել է շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Սերժ Սարգսյան-Ջոն Քերի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»: