Պուտինն ու Օլանդը քննարկել են ԼՂ խնդիրը

putin-hollandeՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 30-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Համաձայն Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինը Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի տեղեկացրել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը այս կարևոր ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Հունիսի 30-ին ԼՂ հակամարտության հարցով առանձին հեռախոսազրույցներ են կայացել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։

Ջոն Քերին Սարգսյանին ու Ալիևին կոչ է արել խուսափել լարվածությունից՝ նպաստելու խաղաղ գործընթացի առաջընթացին, ինչպես նաև կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները։

Մեկնաբանել