«Բարյացակամ մթնոլորտում». Սոչիում կայացավ Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

Lavrov Cavusoglu SochiԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսին Սոչիում՝ նախքան Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովը. այսօր Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք քննարկեցինք, թե ինչպես վերականգնել հարաբերոթյունները նոյեմբերի 24-ի միջադեպից հետո, քննարկեցինք հարցերի ամբողջ շրջանակը: Մթնոլորտը շատ բարյացակամ էր: Մենք քննարկում ենք ղեկավարների հանդիպում Սոչիում օգոստոսին: Էրդողանը պատրաստ է հանդիպել մինչ Քսանյակի գագաթաժողովը [կայանալու է սեպտեմբերին Չինաստանում – ՍիվիլՆեթ]»,- ասել է Չավուշօղլուն:

Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ կխթանվեն Ռուսաստանի և Թուրքիայի շփումները ռազմական խողովակներով:

Լավրովն առանձնահատուկ շեշտել է ռուս-թուրքական համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում՝ ասելով, որ այն «նոր արդիականություն է ստանում»:

«Ռուսաստանն ու Թուրքիան չունեն տարաձայնություններ այն հարցում, թե ում Սիրիայում համարել ահաբեկիչ»,- Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է Լավրովը՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսել են ահաբեկչության դեմ պայքարի գծով աշխատանքային խմբի գործունեությունը:

Ինտենսիվ շփումների ամիս

Սոչիում Լավրովի և Չավուշօղլուի հանդիպումից առաջ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թուրքիայի հետ «ինտենսիվ շփումների ամիս» էր կանխատեսել:

«Նախագահի ստորագրած հրամանագրով կառավարությանը հանձնարարվել է շփումներ սկսել թուրք գործընկերների հետ՝ նախագահի նախորդ հրամանագրով մտցրած սահմանափակումների փուլային վերացման գործընթացը քննարկելու նպատակով: Հետևաբար լինելու է բավական ինտենսիվ շփումների ամիս կամ ավելին»,- հայտարարել է Պեսկովը:

Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսությունները փոխլրացվող են. Չավուշօղլու

Լավրովի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որում անդրադարձել էր ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և երկկողմ համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում:

«Մենք ունենք բոլոր հնարավորություններն ու անհրաժեշտ ներուժը, որպեսզի երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցվեն 100 մլրդ դոլարի, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսությունները փոխլրացվող են»,- ասել էր Չավուշօղլուն՝ նշելով, որ 2000-ականների սկզբին 5 մլրդ դոլարի չհասնող առևտրաշրջանառության ծավալը հասցվել է 40 մլրդ-ի, և դրանում նշանակալի մաս են կազմում Ռուսաստանից Թուրքիա ներկրվող էներգակիրները:

«Այսօր մեզ համար ուրույն պատմական շրջան է: Մենք առերեսվում ենք աննախադեպ սպառնալիքների, որոնց միայնակ դիմակայելը ավելի ու ավելի դժվար է դառնում: Տարածաշրջանային և միջազգային մակարդակներում տեղի են ունենում իսկապես տեկտոնիկ տեղաշարժեր»,- նշել էր Թուրքիայի ԱԳ նախարարը: