Առնվազն 131 զոհ՝ Բաղդադում ահաբեկչության հետևանքով

_90274237_033857504-1Բաղդադում ահաբեկչական հարձակումների հետևանքով առնվազն 131 մարդ է սպանվել, ավելի քան 160-ը վիրավորվել է, հաղորդում է «Ալ Ջազիրան»:

Առաջին ամենաուժգին պայթյունը տեղի է ունեցել անցած գիշեր Բաղդադի Էլ-Քարադա կենտրոնական թաղամասում. պայթեցվել է ականապատ մեքենա: Որոշ ժամանակ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը՝ Բաղդադի հյուսիսում:

Քարադան մարդաշատ թաղամաս է՝ բազմաթիվ խանութներով, սրճարաններով ու ռեստորաններով, որոնք մուսուլմանների սրբազան Ռամադան տոնի ժամանակ միշտ լեցուն են լինում մայրամուտից հետո, երբ պաս պահող մուսուլմաններն ըստ ավանդույթի իրավունք են ունենում սնվելու:

Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

Այս պայթյունները տեղի են ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իրաքի կառավարական զորքերը Իսլամական պետության զինյալներից ազատագրեցին Ֆալուջա քաղաքը: Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին այցելել է պայթյունի վայր և հայտարարել, որ ահաբեկչությունը կապված է Ֆալուջայում իրաքյան զորքերի հաջողության հետ:

Մեկնաբանել