Վրացական կողմը «կանի ամեն ինչ Լարսը բացելու ուղղությամբ»

Beglaryan KvirikashviliՀուլիսի 5-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Վրաստանում հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:

Գագիկ Բեգլարյանը հետաքրքրվել է Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրել է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):

Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար: Նշվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Քննարկվել է նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը:

Ե՛վ հայկական, և՛ վրացական կողմերը նշել են, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գուգութի ուղղությունները, ինչպես նաև Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։

***

Ավելի վաղ Վրաստանի հայալեզու «Ալիք» ռադիոկայանը հաղորդել էր, որ Դարիալիի կիրճի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի վերագործարկումը որոշվել է հետաձգել մինչև հուլիսի 8-9ը` քանի դեռ սողանքի և հեղեղների վտանգը չի նվազել:

Մեկնաբանել