Պուտինն ու Օբաման հեռախոսով քննարկել են Ղարաբաղյան հարցը

Putin Obama PhoneՀուլիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև:

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, Պուտինն Օբամային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, տեղեկացրել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների արդյունքների մասին:

«Վլադիմիր Պուտիննն ընդգծել է, որ բանակցությունների կազմակերպման ժամանակ Ռուսաստանը ելել է հակամարտության գոտում [Լեռնային Ղարաբաղի] իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու և խաղաղ գործընթացն առաջ մղելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից: Բարաք Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը: Պայմանավորվածություն է կայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը այդ ուղղությամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունն իր հերթին հաղորդում է, որ Օբաման «պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ խթանել ջանքերը՝ միտված հակամարտության համապարփակ կարգավորմանը»:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև սիրիական և ուկրաինական հակամարտությունների կարգավորումը:

Մեկնաբանել