Անկարան արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծին

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Թուրքիայի արտաքին գերատեսչության բնորոշմամբ, «իր ներկայիս տեսքով» սպառնում է ինքնաարտահայտման ազատությանը:

«Մենք ուշադիր հետևելու ենք Ֆրանսիայի Սենատում մոտ ապագայում կայանալիք գործընթացին՝ կապված օրինագծի հետ, որը դեռ ուժի մեջ չի մտել:

Ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Սենատը օրինագծից կհեռացնի այն տարրերը, որոնք հղի են ինքնաարտահայտման ազատության սահմանափակման վտանգով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

***

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Օրինագիծը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն»: Դրա համաձայն՝ ցեղասպանությունները հերքելու համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղսպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների հերքումը ընկնում է այս օրենքի տակ: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից:

Մեկնաբանել