ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը

NATO KarabakhՆԱՏՕ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բռնությունից. այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքը կհիշեցնի Վարշավայի գագաթաժողովի եզրափակիչ կոմյունիկեում, ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում կհիշատակենք նաև ԼՂ հակամարտությունը: Մեր ուղերձն այն է, որ կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնությունից և շարունակել խաղաղ և բանակցային ճանապարհով լուծում գտնելու փորձերը: Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք միտված են ԼՂ հակամարտության՝ խաղաղ և բանակցային ճանապարհով կարգավորմանը»,- գագաթաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Սթոլթենբերգը [ձայնագրության վերջին րոպեները – ՍիվիլՆեթ]:

Այսօր Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որին մասնակցելու նպատակով Լեհաստան է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վարշավայում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությունը: ԵԱՀԿ Մինսկի խկմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է, որ ժամանել է Վարշավա, և կարծում է, որ դա Ադրբեջանի և Հայաստանի հետ ԼՂ հարցով քննարկումները «շարունակելու հնարավորություն է»: