«Վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայերի էթնիկական զտումը»

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի կայքը, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Մանանա Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարված էթնիկական զտումը և հավելել՝ «Մենք այսօր մեր հարգաքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարևորելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակով ընթացող զարգացումը, վստահություն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկումների արդյունքում դրական լուծում կստանան ծրագրով նախատեսված հարցերն ու խնդիրները։

Մեկնաբանել