Գերմանիան հայտարարում է, որ հետ կկանչի իր զինծառայողներին Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիան հայտարարել է, որ հետ կկանչի Թուրքիայյի Ինջիրլիք ռազմաբազայի իր զորակազմը, եթե Անկարան շարունակի արգելափակել գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմաբազա. այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ վրդովված Թուրքիան թույլ չի տալիս, որ գերմանացի խորհրդարանականները մուտք գործեն Ինջիրլիքի ռազմաբազա:

«Գերմանական բանակը հաշվետու է խորհրդարանին, և եթե խորհրդարանը չի կարող տեսակցել իր զինծառայողներին, բանակը չի կարող այնտեղ մնալ: Սա բացարձակապես հստակ է»,- Mitteldeutsche Zeitung թերթին ասել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը՝ հավելելով, որ ռազմաբազայում գտնվող բոլոր 250 զինծառայողները, որոնք մասնակցում են Իրաքում Իսլամական պետության դեմ ՆԱՏՕ-ի գործողություններին, կարող են հետ կանչվել:

Օրերս Էրդողանն ու Մերկելը հարցը քննարկել են Վարշավայում:

Հուլիսի 12-ին գերմանացի խորհրդարանականներին ռազմաբազա մուտքի հնարավորություն տալու մասին հայտարարել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Իսկ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը հայտարարել է, որ եթե Թուրքիան թույլ չտա գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, Գերմանիան հետ կկանչի իր զինված ուժերը:

Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ տալու հարցը մի քանի օր առաջ Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, քննարկվել է ամենաբարձր մակարդակով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Մերկելի միջև:

Reuters-ի փոխանցմամբ՝ Մերկելը հանդիպման մասին ասել է, որ այն «անցել է կառուցողական մթնոլորտում», սակայն հավելել է, որ «տարաձայնությունները այդպիսի քննարկմամբ չեն հարթվում»:

Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` հայտարարել, որ Բունդեսթագի ընդունած բանաձևը չի արտացոլում երկրի կառավարության դիրքորոշումը: Մերկելն, ըստ հաղորդագրությունների, մերժել է այդ պայմանը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել