Բաց նամակ ՀՀ քաղաքացուն

Հայաստանի քաղաքացին չի էլ երևակայում, թե ինչպես Ղարաբաղի հարցը հասցրեց այս օրվան: Թվում է, թե՝ ի՞նչ է տեղի ունեցել՝ բանակցում են, և մի լուծում կգտնվի: Թվում է, թե իսկապես էլ խոսքը փոխզիջումների մասին է: Իրականում բանակցություններից փոխզիջումների հեռավոր հոտ էլ չի գալիս:

Եվ խնդիրն այն չէ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անունից բանակցողները խորհրդային անվտանգության ծառայության աշխատողներ են: Ամենևին՝ ոչ: Նրանցից առաջ էլ բանակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և տեղ-տեղ՝ Արկադի Ղուկասյանը: Փաստ է հենց այն, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կռիվը Ադրբեջանի ախորժակի հետ է՝ ինչպե՞ս զսպել այն: Հաղթած պետությունը ժամանակին ինքն էր թելադրում այդ ախորժակը: Այսօր թելադրել չի կարող: Եվ չի կարող Ադրբեջանից անկախ պատճառներով: Եվ չի կարող թելադրել հենց այն պատճառով, որ Հայաստանի անկախություն նվաճած և տարածքներ գրաված ՀՀ քաղաքացին սովորեց խաբել և խաբվել: Հաղթանակը նրան կտրեց հակամարտության անավարտությունից: Հաղթանակն ընդդարմացրեց ՀՀ քաղաքացուն: Եվ նա խորացավ «խաղաղությամբ» ապրելու ձևերի մեջ: Ավելին, ՀՀ քաղաքացին ապրելու ձևերը ստորադասեց պետություն կառուցելուն: Երբ առաջին խաբեբան նրան ստորացնելով քվե կորզեց, ՀՀ քաղաքացու մոտ հարցեր չառաջացան: Կամ առաջացան երկչոտ հարցեր: Կամ տարակուսեց երկչոտորեն: Ի վերջո այնպես, որ բարձրաձայնելու կարիք չզգաց: Երբ չես բարձրաձայնում, քո մեջ հասունացնում ես «յոլա գնալու» ինստիտուտը: Այսինքն, «շնից մազ» պոկելու մշակույթը: 1995-ից մինչև այսօր Հայաստանը այդ մշակույթի այս կամ այն ակտիվությամբ հոսանքի տակ է: Այսեղ ըստ էության չկա ՀՀ երեք նախագահների մեղքը: ՀՀ քաղաքացին գիտեր, որ Ղարաբաղի պատերազմն ավարտված պատերազմ չէ, նույնիսկ Վազգեն Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանն էին դա բարձրաձայն ասում: Ասում էին, որպեսզի դափնիների վրա չքնենք: ՀՀ քաղաքացին քնեց: Ղարաբաղցին ավելի հեռու գնաց: Իր բոլոր քաղաքակրթական արժեքները նա ստորադասեց հենց պատերազմի ուրվականին՝ քանի կռիվը կա, մեզ ժողովրդավարություն պետք չէ: Ղարաբաղը դեռ քաղելու է էս ընկալման հրեշավոր պտուղները: Հայաստանն ըստ իս՝ գրեթե հնարավորություն չունի ստեղծված իրավիճակի տակից դուրս գալու:

Իսկ ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը: ՀՀ քաղաքացին նախ չմերձեցավ իր Սահմանադրությանը: «Յոլա գնալու» ինստիտուտ «ընդունվածների» մոտ սա սովորական երևույթ է: Պատերազմից հետո առաջին իսկ առիթի հանգույն ՀՀ քաղաքացին հողին հավասարեցրեց իր քվե: ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց «ազատ և անկախ» քվեարկության կասկածելի միջավայրում: Հաջորդ տարվա նախագահի ընտրությունները նույնպես հարցեր առաջացրեցին: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կարող էին չիմանալ, որ քվե կեղծելը «սնում» է անբարոյականության շղթան, նրանք կարող էին չիմանալ, որ հանուն ոչ լեգիտիմության, սիրով դիտորդ կամ վստահված անձ չես ծեծի, հանձնաժողովի ընդդիմադիր անդամին պատանդ չես վերցնի: Բայց դու, դու՝ ՀՀ քաղաքացի, պիտի իմանայիր, որ քո քվեն նույնն է, ինչ մարտի դուրս բերված զենքը՝ եթե կրակեց, անպարտ ես: Դու պիտի իմանայիր, որ քվեն կտրում է ցանկացած ծեծ, սպառնալիք, անջատած էլեկտրաէներգիա, խոստացված ալյուր: Նրանք կարող էին կաշառել, սպառնալ և նույնիսկ սպանել: Նրանք կարող էին հանուն աթոռի քեզ բանտարկել, զրկել աշխատանքից, դպրոցում ծաղրել քո երեխային, գնահատել ցածր, բայց ընտրությունը հենց նրա համար է, որ դու այդ բոլոր մարտահրավերներին հակադրվես նոր լիցքով, որպեսզի դու արդեն իսկ հասկանայիր, որ մի «պտիչկեն» ավելին է, քան՝ ամբողջ բանակն ու ստիկանությունը, եթե դու էդ «պտիչկի» մեջ տեսիլք ես դրել: Նրանք կարող էին քեզ առաջարկել 5 հազար դրամ, ավելին՝ այն քո գրպանը խցկել կյանքի հետ մի կերպ համատեղելի սպառնալիքներով: Բայց դու ընտրատեղամաս մտնելով պիտի պատասխանեիր այդ ամբողջ նվաստացմանը, քանի որ քվեախցիկում դու քո և նախագահն ես, և ոստիկանությունը և բանակը և հարկային տեսուչը և լույսի մարդը և օլիգարխը: Դու քո ամեն ինչն էիր: և եթե դա քեզ շոշափելի չի թվացել, դա քո խնդիրն էր, ՀՀ քաղաքացի, և ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, որովհետև ընտրատեղամաս մտար ոչ քո բովանդակությամբ, այլ ուրիշի ուրվականով:

Քվեն ուրվականներ չի սիրում, քվեն կամ տեսիլք է կամ քվե չէ: Որովհետև քաղաքակիրթ աշխարհում այն գիտություն է, գրականություն է, երաժշտություն է, հանքարդյունաբերություն է, ատոմային ֆիզիկա է, բժշկական նվաճումներ է, ամեն ինչ է, ինչը նույնիսկ չես էլ կարող երևակայել: Դու մատդ մատիդ չխփեցիր ՀՀ քաղաքացի ու հիմա դեռևս կասկածներ ունես, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես թե ցանկալի հունով չի գնում: Ավելի վատ հունով է գնալու և այդտեղ, պնդում եմ, հատկապես Սերժ Սարգսյանի մեղքը չկա, նա ոչ միայն ավելի վատ հունով կտանի, ոչ թե պարտավոր է, նա դրա իրավունքն ունի: Այն ժամանակ քեզ ասում էին, մի հանձնվիր ընտրակաշառքին, մի թուլացիր քո իշխանության մեջ: Դու հեռու գնացիր, քեֆի և հոգեհանգստի սեղանների շուրջ «ախպերավարի» հաշիվ էիր տալիս, թե ում օգտին ինչքան կեղծեցիր: Մի դժգոհիր, Սերժ Սարգսյանը նվազագույնը բարոյական իրավունք ունի ազատագրված կամ գրաված տարածքները վերադարձնելու առանց Ղարաբաղի անկախության ստույգ երաշխիքի: Դու ես տվել նրան այդ լիազորությունը նրանից դուրս բերելով քո իշխանությունը: Դու քո քվեն չես կարևորել ու չես ուզում, որ պարոն Սարգսյանը Ղարաբաղը ծախելու շուրջ բազա՞ր անի: Դուրսը, այսինքն, գերտերությունները, նրան ասում են՝ ընկեր, մենք ենք քեզ «ընտրել», ոչ թե քո ժողովուրդը: Դուրսն է, չէ՞, քո վաճառած քվեն մաքրել հակաժողովրդավարությունից: Որովհետև դրսին հենց այդպիսինն էր պետք: Դու քո քվեի դեմ տարվող կռիվը չես հաղթել գոնե մեկ անգամ, ինչպե՞ս ես ուզում պարտված դուրս չգալ Ղարաբաղում: Դու ոչ մի կապ չէիր տեսնում քո քվեն ծախելու և քո որդուն բանակ ուղարկելու միջև՝ կարծելով, որ դրանք տարբեր բաներ են: Դու մտածում էիր, որ բանակը պարտք է, իսկ քվեն ծախելը՝ հարկադիր արարք: Իսկ այսօր դեռ աղոտ հույս ունես, որ հողերից ոչ մի թիզ չի՞ պակասի: Արդեն իսկ այդպիսի հույսը առողջ չէ, քանի որ դա արդեն բանակցային գործընթաց չէ: Դու քվեն ծախելիս էիր քո որդուն ուղարկում ստույգ մահվան բերան, ոչ թե՝ բանակ ճանապարհելիս: Փորձիր հիշել, որ բանակը նույնպես բազմիցս մասնակցեց այդ անբարոյականությանը, որի «պսակը» եղավ մարտի 1-ը: Եվ դու չէիր մտածում, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմանադրական տողը հենց քո մասին է, քո, այսինքն, քո քվեի:

Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, նա պիտի անի այն, ինչ անում է՝ առանց ուղղակի ձեռքբերումների զիջել ազատագրված տարածքները, նա կհոխորտա, կդիմադրի, կասի, որ «հնարավոր չէ համոզել ղարաբաղցիներին ապրել Ադրբեջանի կազմում»: Սա հին, «կովկասյան» ավանդույթ է: Չէ՞ որ ինքը գիտի, որ խոսքն առայժմ գոնե Ղարաբաղի մասին չէ, այլ՝ մյուս տարածքների, որոնց ճակատագիրն էլ որոշելու է Ղարաբաղի գինը: Այդ տարածքները դատապարտված ենք կորցնել: Որովհետև մենք այն կորցրել ենք դեռ այն հեռավոր օրերին, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն այդպես էլ չսովորեցին գոնե մեկ կիսալեգիտիմ ընտրություն անցկացնել: Ահա թե ինչպես է ճակատագիրը խառնվում քաղաքականության գործերին: Նա «խոսում» է քո կործանարար «քվեով», ՀՀ քաղաքացի:

Մհեր Արշակյան

Մեկնաբանել