Ապստամբության կազմակերպիչները արժանի պատասխան կստանան. Էրդողան

_90414646_de49Այս գիշեր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայից օդանավով մեկնել է Ստամբուլ, միացել փողոց դուրս եկած իր հազարավոր կողմնակիցներին: Այս մասին հաղորդում է BBC-ն, վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքի կադրերը:

Վերջին ժամերին Էրդողանի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել էին Ստամբուլի օդանվակայանի մոտ: Նրանք ավելի վաղ փորձում էին արգելափակել ապստամբության կազմակերպիչների զինտեխնիկայի տեղաշարժը:

Էրդողանը, ելույթ ունենալով կողմնակիցների առջև, հայտարարել է, որ Թուրքիայում չկա ավելի բարձր իշխանություն, քան ժողովրդի կամքն է: Նա ասել է, որ ապստամբության կազմակերպիչները արժանի պատասխան կստանան՝ անկախ նրանից, թե որ գերատեսչություններն են ներկայացնում:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Էրդողանի օդանավը ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան: Բացի այդ, FlightRadar կայքը հաստատել է, որ օդանավակայանում վայրէջք է կատարել Թուրքիայի կառավարությանը պատկանող օդանավ:

Էրդողանը հայտարարել էր, որ չի հավատում ռազմական հեղաշրջման փորձի հաջողությանը, որի մասնակիցները հայտարարել էին երկրում իշխանությունը զավքելու մասին: Նա իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց:

Դրանից հետո Էրդողանին հավատարիմ բնակիչները դուրս էին եկել փողոցներ և սկսել զինաթափել զինվորականներին: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ապստամբության կազմակերպիչների մեծ մասն արդեն ձերբակալված է:

Թուրքիայում զինվորականները իշխանությունը գրավելու մասին հայտարարել էին հուլիսի 15-ի երեկոյան: Նրանք երկրում հայտարարել էին ռազմական դրություն և պարետային ժամ: Երկրի խոշոր քաղաքների փողոցներ էին դուրս եկել զինված զինվորականներ:

Մեկնաբանել