Զինված միջադեպ Երևանում. թարմացվող

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարել է, որ սկսում է զինված ապստամբություն, մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ է վերցրել այնտեղ գտնվող ոստիկանների: ՍիվիլՆեթը ուղիղ ռեժիմով հետևում է իրադարձությունների ընթացքին:

23:57

Հայազն կուսակցության վարչությունը, փորձելով ճիշտ գնահատել լուսադեմից Երևանում տեղի ունեցող դեպքերը ու հնարավոր հետևանքները, կոչ է անում իրավապահ մարմիններին ամեն կերպ խուսափել ուժային լուծումներից: Այս պահին իրավիճակը դեռևս վերահսկողության տակ է, ու ցանկության դեպքում հնարավոր է առանց նոր տուժողների ու զոհերի խաղաղ լուծումներ գտնել: Տեսանյութերից պարզ է դառնում, որ գնդում մնացած ոստիկանության աշխատողների հանդեպ Հիմնադիր խորհրդարանի անդամների վարքագիծը էականորեն տարբերվում էր պատանդ-ահաբեկիչ վերաբերմունքից: Ճիշտ է, բոլորս խորը ցավ ենք ապրում երկու կողմերի վիրավորների և ոստիկանության զոհված գնդապետի համար, այնուամենայնիվ իրավիճակը փրկելու ու հետագա զոհերից խուսափելու համար դեռ ուշ չէ:

Լուսադեմին տեղի ունեցած դեպքերը ու դրանց հետևանքները մեր կողմից չէին կարող անուշադրության մատնվել, ինչի հետևանքով Հայազն կուսակցության մի քանի տասնյակ անդամներ, այլ քաղաքացիների հետ մեկտեղ, գտնվելով Ազատության հրապարակում, ենթարկվել են տարատեսակ հետապնդումների, իսկ նրանցից ոմանք անհայտ ուղղությամբ բերման են ենթարկվել: Այս փաստը մեզ խորը անհանգստություն է պատճառում և պահանջում ենք ներկայացնել բերման ենթարկվածների գտնվելու վայրերն ու նրանց 3 ժամից ավելի պահելու իրավական հիմքերը:

Միաժամանակ պնդում ենք, որ հասարակության լայն արձագանքը կարող է հետագա արյունահեղությունը զսպել, ուստի ակնկալում ենք մտավորականության, երիտասարդության ու հասարակության մյուս բոլոր շերտերի ակտիվ արձագանքը:

23:51

Այսօր առավոտյան արգելափակվեց Ֆեյսբուքը: Գեղամ Վարդանյանը Media.am կայքում անդրադարձել է այդ նախադեպին:

23:41

ՍիվիլՆեթի թղթակից Արման Սուլեյմանյանը հեռախոսով զրուցել է զինված խմբի ղեկավար Պավել Մանուկյանի հետ: Մանուկյանն ասել է, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ, Սեֆիլյանին ասել է, «որ դու այս պահին տեղում չես գտնվում և չես կարող ճիշտ գնահատել իրավիճակը»: Սուլեյմանյանի փոխանմցմամբ՝ Պավել Մանուկյանը հետագա քայլերի և գործողությունների ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Սեֆիլյանի գալը դեպքի վայր իրատեսական չէ, Պավել Մանուկյանը միայնակ է վերահսկում իրավիճակը և որոշումներ է կայացնում:

22:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը

ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:

2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։

3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:

4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:

5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։

6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավակցում է զոհված ՀՀ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին: ՔՊԿ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորումներ ստացած բոլոր անձանց:

22:00

Լուսավոր Հայաստան կուսակցության հայտարարությունը.

Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քաղաքական համոզմունքները խարսխում է քաղաքակիրթ քաղաքական բանավեճի վրա, որը զերծ է բռնության մեթոդներից և բացառում է քաղաքական մենաշնորհների հաստատումը իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանքն է, ինչը, ցավոք սրտի, այս անգամ ևս հանգեցրեց նոր արյունահեղության։ Մենք ցավ ենք ապրում յուրաքանչյուր մարդկային կորստի համար։ Մենք գտնում ենք, որ ներկայումս ամեն բան հարկավոր է անել՝ խուսափելու հետագա արյունահեղությունից և քաղաքական բռնությունների նոր ալիքից, ուստի ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով, ինչի համար պետք է ցուցաբերել զսպվածություն և գնալ խաղաղ երկխոսության։

21:20

Երևանում բերման է ենթարկվել նաև ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, հաղորդում է Artmtimes.com կայքը: Նրա մայրն ասել է, որ Վաղինակն այսօր գնացել է աշխատանքի Հանրապետության փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկը, որտեղից էլ նրան տարել են անհայտ ուղղությամբ:

20:50

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Վանաձորում ընդհանուր առմամբ այսօր բերման է ենթարկվել տասը հոգի: Նրանցից հինգ դեռ շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքներում:

20:30

Դավիթ Սանասարյանին («Ժառանգություն» կուսակցություն), Անդրիաս Ղուկասյանին («Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնություն) և Դավիթ Հովհաննիսյանին (ՀԱԿ) բերման են ենթարկել ոստիկանության Էջմիածնի բաժանմունք: Այս մասին գրել է Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Բերման ենթարկվածների թվում է նաև Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին:

18:40

ՊՊԾ գնդի մոտ մեկնարկել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ասուլիսը:

Ոստիկանության և իրավապահ մարմինների ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստվածության վիճակի:

«Չենք ուզում, որ լինի արյունահեղություն: Իրենց հորդորում ենք, որ հանձնվեն»:

«Ժիրայր Սեֆիլյանին բերելու պլան առայժմ չկա»,- ասաց նա՝ նշելով, որ խմբի պահանջը նույնն է: Սպանված ոստիկանը գնդապետ Արթուր Վանոյանն է: Նա սպանվել է հրազենային վնասվածքից՝ հարձակման արդյունքում:

«Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր»,- ասաց Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ միշտ էլ լուրջ են վերաբերվել զինված ապստամբության լուրերին: Պատանդ է պահվում, ըստ նրա, վեց հոգի:

18:30

ԱԱԾ հայտարարությունը.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը: Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:

17:39

Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով եւս ներկայում Ոստիկանության պարեկապահական ծառայության գնդի տարածքում է, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ իրենք առայժմ շարունակում են սպասել, թե ոստիկանները երբ կկատարեն իրենց խոստումը ու կբերեն Ժիրայր Սեֆիլյանին, ով էլ իրենց անունից կբանակցի իշխանությունների հետ:

Ավետիսյանը հաստատել է, որ կա մեկ զոհ եւ չորս վիրավոր: Վիրավորներից երեքը գտնվում են հիվանդանոցում, զոհը ոստիկաններից է: «Ոստիկանը մեր հորդորներին չանսալով կրակ էր բացել մերոնց վրա եւ հնարավոր չէր զսպել նրան, մարդիկ ինքնապաշտպանական նպատակներով կրակել են եւ վիրավորել: Մեկ վիրավորը ծանր է, մյուս երկուսն ավելի թեթեւ են, նրանք հիվանդանոցում են, մեկն այստեղ է, նրա վիճակը բարվոք է, նա գնդակային վիրավորում չի ստացել»,- ասել է Ավետիսյանը:

17:34

Նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

17:03

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այսօր մտել էր ՊՊԾ գնդի տարածք և զրուցել զինված խմբի անդամների հետ, նկարահանում է արել ներսում:

15:40

Լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հաստատել է մեկ ոստիկանի մահվան լուրը: Ըստ նրա խմբավորման անդամներից ոչ մեկը վիրավոր չէ, այնինչ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ անդամներից մեկը գլխի հատվածում վնասվածք ունի: Զինված խմբավորման անդամների թիվը մոտավոր 25-30 է:

14:56

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

Այս պահին Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շարունակում են մնալ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ), ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ: Բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում. Ոստիկանությունում պնդում են, որ վերջինս ՙինքնակամ՚ է ներկայացել բաժին: Ոստիկանության Բազումի բաժնից ազատ են արձակվել Հովհաննես Ղազարյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը: Կան տվյալներ նաև Երևան քաղաքում բերման ենթարկված մի խումբ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նաև մի խումբ անձինք՝ Օպերայի հարակից տարածքից: Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը և Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ: Գյումրիում բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը:
14:37

«Ժառանգության» հայտարարությունը.

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր և ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով և օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության և բռնության ճանապարհով: «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:

Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական և հասարակական բոլոր միավորներին միասնությամբ և համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից:

13:54

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններին հնարավորություն է տրվել մուտք գործել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Ավելի ուշ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել: Հասմիկ Էվոյանը շարունակում է գտնվել Ոստիկանության բաժնում:
13:41

ԱԱԾ-ն նոր հայտարարություն է տարածել.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ:

Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար:

13:38

Ազատության հրապարակից բերման են ենթարկել նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Նա բացականչում էր՝ «Սերժիկ, սրիկա»:

13:20

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է ներսում, խոսել զինված խմբի անդամների հետ: Դիտեք նրա զրույցը լրագրողների և քաղաքացիների հետ:

13:17

Գյումրի ԵրևանԵրևան մտնող ճանապարհները փակված են ոստիկանության կողմից: Լուսանկարը արված է Գյումրիից Երևան մտնող ճանապարհին:

13:11

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Հովհաննես Ղազարյանը և Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով: Ավելի քան մեկ ժամ փաստաբանները փորձում են մուտք գործել ոստիկանության Բազումի բաժին, սակայն նրանց թույլ չեն տալիս:

13:06

operaՕպերայի հարակից տարածքից քաղաքացիների են բերման ենթարկել: Բայցևայնպես, զինված խմբի անդամների կոչին՝ հավաքվելու Ազատության հրապարակում, շատ մարդ չի արձագանքել: Ազատության հրապարակի լուսանկարը արվել է ժամը 12:00-ի մոտ:

12:52

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանն «Ա1+»-ին հեռախոսով տեղեկացրել է, որ իրենք բանակցում են ԱԱԾ աշխատակիցների հետո, որոնք իրենց առաջարկում են տանել Ժիրայր Սեֆիլյանի մոտ: «Մենք իրենց ասեցինք, որ չենք ուզում գալ ձեզ հետ, բերեք Ժիրայրին»,- ասել է Պավել Մանուկյանը: Նա նաև ասել է, որ իրենք լրագրողներ են պահանջել, սակայն ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել: Պավել Մանուկյանն ասում է, որ ՊՊԾ-ն գրոհելու ժամանակ եղել է փոխհրաձգություն, «իրենք կրակեցին, մենք էլ կրակեցինք, երկու վիրավոր ունենք»: Նրա տեղեկություններով՝ երկու հոգի վիրավորվել է նաև ոստիկանությունից: Ըստ Մանուկյանի՝ շենքում բանակցությունների նպատակով եղել է նաև Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլը ոչ մի բան էլ չէր առաջարկում, մենք մերն ասեցինք, գնաց»,- ասել է Պավել Մանուկյանը:

12:45Տեսանյութ գրավված ՊՊԾ գնդի ներսից. այն համացանցում է տեղադրել զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը:

12:23Հիմնադիր խորհրդարանի անդամներ են բերման ենթարկվել Վանաձորում: Նրանցից Հասմիկ Էվոյանն ասաց, որ առավոտյան ոստիկանները առանց ծանուցման տնից բերման են ենթարկել իրեն և հորը: Ոստիկանական բաժանմունքում են գտնվում ՀԽ այլ համակիրներ ևս: Էվոյանի փոխանցմամբ, ոստիկանները որևէ բացատրություն կամ մեղադրանք չեն ներկայացնում:

11:54

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտել է, որպեսզի բանակցի: Նա ներսում է, ենթադրվում է, որ նրան պատանդ են վերցրել:

11:51

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ տարածքում ինտերնետ կապը անջատվել է:

11:46

ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ՝ առավոտյան «Կրազ» մեքենայով ջարդել են ոստիկանական գնդի դռները, մտել են, բոլորին վերցրել են հսկողության տակ: Յոթ պատանդ ոստիկան կա: Նրանցից մեկը հիպերտոնիկ է եղել, վատացել է, շտապ օգնության մեքենան նրան էվակուացրել է: Մնացել են 6-ը: ՊՊԾ տարածք մտածներն իրենց կոչում են «Սասնա ծռեր»: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին:

Ներխուժածները հայտարարել են, որ եթե ոստիկանությունը հարձակում գործի, իրենք պատասխան են տալու և չեն պատրաստվում հանձնվել:

11:34

ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ կիրակի վաղ առավոտյան մի շարք ոստիկաններ առանց իրավական հիմքի բերման են ենթարկել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ավագ որդուն` Նորայր Ավետիսյանին: Այս պահին Նորայրը գտնվում է Էջմիածին քաղաքի ոստիկանական բաժանմունքում:

11:30

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Երեւանում կատարվող իրադարձությունների մասին։

«Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները:

Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասվում է հայտարարության մեջ:

11:20

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:

10:30

Իրեն «Սասնա ծռեր» կոչող խումբը վաղ առավոտյան տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:

Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:

Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:

Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:

Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ:

Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն:

Ունևոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի և այլ անհրաժեշտ կարիքները:Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:

Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով:

Դիմում ենք Հայկական բանակինՍահմանային զորամասերի զինծառայողները պետք է մնան իրենց տեղերում և շարունակեն ծառայությունը առավելագույն զգոնությամբ ու ջանասիրությամբ: Իսկ ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Դիմում ենք Արցախի ղեկավարությանըԱպստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում և համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման:

Դիմում ենք ոստիկանության ծառայողներինՁեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը և չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել ևս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն: Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան ապագա իրավապահների համար:

Դիմում ենք ազգային անվտանգության մարմինների ծառայողներինԴուք պետք է մնաք ձեր ծառայության վայրերում և կատարեք ձեր պարտականությունները արտաքին հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ: Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք:

Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

«Սասնա Ծռեր» խմբավորում, 17-ը հուլիսի 2016 թ., ժամը 5:28

Մեկնաբանել