Սերժ Սարգսյանը պետք է մտածի իր հեռանալու ճանապարհային քարտեզի մասին

Խնդիրը, որ լուծեց Հայաստանի փաստացի նախագահը՝ Հայաստանում բացառված է որևէ իշխանափոխություն։ Այսինքն, արժեզրկվում է քվեարկությունը։ Այլևս էական չէ` լեգիտի՞մ է նախագահը, թե՞ ոչ։

Սասնա ծռեր խմբի գործողությունները խորը ճգնաժամի առաջ է կանգնեցրել Հայաստանի ամբողջ կառավարման համակարգը։ Սերժ Սարգսյանից սկսած՝ բոլոր պետական կարևոր պաշտոն ունեցողներն անհետացել են (դեպքերից հինգ օր անց միայն այսօր արձագանքեց Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության նիստին)։ Հանրության հետ խոսող միակ բարձրաստիճան պաշտոնյան փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է։

Սեժ Սարգսյանի և մնացածի՝ հանրության հետ չխոսելու գլխավոր պատճառն իշխանության հեղինակության շատ ցածր մակարդակն է։ Սերժ Սարգսյանի խոսքն էլ ավելի կխորացնի ճգնաժամը։

Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության ձախողումները, քաղաքացիների նկատմամբ պարբերական ճնշումները և իրավունքի համակարգային խախտումներն են, որ հանգեցրել են զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձին: Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Սասնա ծռերի անդամները, ինչպես նաև այլ քաղաքացիներ փորձել են խաղաղ միջոցներով հարցեր լուծել։ Սակայն ամեն անգամ իշխանությունը ուժ է կիրառել։ Երբ Ժիրայր Սեֆիլյանն իր թիմի հետ 2015 թվականին Արցախ էր գնացել, Երևանի իշխանության հրահանգով Արցախի ուժային կառույցները նրանց ծեծի ենթարկեցին, երբ նույն մարդիկ փորձեցին 2015 թվականի ապրիլի 24-ին երթ կազմակերպել, իշխանությունը նորից ուժ կիրառեց և ձերբակալեց Հիմնադիր խորհրդարանի անդամներից շատերին։ Այսինքն, որքան նրանք փորձել են երթերի ու ցույցերի միջոցով լուծում տալ խնդիրներն, այնքան իշխանությունը բռնություն է կիրառել:

Առհասարակ, խաղաղ հավաքները ցրելու, քաղաքացիներին բերման ենթարկելու, ցուցարարներին տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ կանգնեցնելու արատավոր պրակտիկան դարձել է հայաստանյան իշխանությունների՝ հանրության հետ հաղորդակցվելու միակ գործիքը: Իշխանության նման վարքագիծի հետևանքով է, որ քաղաքացիներն իրենց հերթին տեսել են ուժի կիրառմամբ հարց լուծելու տարբերակը։

Սարգսյանն իր կառավարման ութ տարիների ընթացքում ճգնաժամային կառավարում է իրականացրել։ Մարտի 1-ի ճգնաժամից հետո մինչև այսօր իշխանությունը ճգնաժամերի միջով է անցնում։ Սարգսյանը մշտապես կեղծելով ընտրությունները ավելի է խորացրել ճգնաժամերը։

Հայաստանի անկախության 25 տարիները ցույց են տվել, որ ավտորիտար ռեժիմի կառուցումը անհաջողության է մատնվում։ Իշխանությունը որևիցե փուլում չի կարողացել բավարար վերահսկողություն ունենալ, որպեսզի կայուն կառավարում իրականացնի։ Նման ճգնաժամերից խուսափելու լավագույն տարբերակը ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն էր, որի հնարավորությունը Սարգսյանը բաց է թողել։

Բռնապետական համակարգերում կառավարիչներին հաճախ թվում է, թե իրենք լուծել են իրենց ամենակարևոր խնդիրը՝ վերացրել են քաղաքական պայքարի բոլոր խողովակները, և կարող են հանգիստ կառավարել։ Իրականում փորձը ցույց է տալիս, որ հենց դա է նրանց հեռացման պատճառը։

Այս պահին ՙՍասնա ծռերի՚ քայլերից հետո իրավիճակը շարունակում է սրվել։ Արդեն մի քանի բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես միշտ, ոստիկանությունն իր գործողություններով էլ ավելի է խորացնում ճգնաժամը։

Բռնապետերը հաճախ ինչ-որ պահի մեծ ցանկություն են սկսում ունենալ բարեփոխումներ կատարել կամ խաղաղ հեռանալ, սակայն ուշ է լինում։ Մուբարաքը, Չաուշեսկուն, Բեն Ալին ցանկացել են զիջումների կամ այլ միջոցով հանդարտեցնեն հանրությանը, բայց արդեն ուշ է եղել, հետո ստիպված են եղել կամ բանտ նստել կամ մահապատժի են ենթարկվել, կամ լքել երկիրը։

Գիշերվա բախումը ոստիկաների հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, արդեն 45 վիրավոր կա, ցույց է տալիս, որ ճգնաժամը խորանում է, սակայն Սերժ Սարգսյանը շարունակում է թաքնվել։

Իրականում ուժային ցանկացած լուծում ճգնաժամն ավելի է խորացնելու։ Հասկանալի է, որ Սարգսյանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել իր իշխանությունը երկարաձգելու համար՝ սահմանադրական կեղծիքներից մինչև քաղաքական ուժերի հանդեպ ահաբեկչություն կատարվել է այդ նպատակի համար, սակայն ՙՍասնա ծռերի՚ մի քանի անդամ ամբողջովին հարցականի տակ են դրել Սարգսյանի այդ մտադրությունը։

Սերժ Սարգսյանի հանգիստ կառավարման համար անհրաժեշտ է, որ մոտ 2 մլն մարդ ձերբակալվի և պահվի բանտում, հակառակ դեպքում նա պետք է լքի քաղաքականությունը։ Նա կարող է ուժով լուծել հարցը, սակայն այդ դեպքում Հայաստանը կգլորվի անդունդ։ Բոլոր հարցերում ձախողած, Արցախյան հաղթանակն ապրիլյան պատերազմում մսխած գործիչը պետք է մտածի իր հեռացման ճանապարհային քարտեզի մասին, հակառակ դեպքում երկրին նոր ավերածություններ է բերելու։

Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն արտահերթ ազատ և մրցակցային ընտրություններն են, որոնց միջոցով հնարավոր կլինի կատարել խաղաղ իշխանափոխություն, ինչն էլ ժողովրդին հնարավորություն կտա ձևավորել լեգիտիմ իշխանություն։

Մեկնաբանել