Գիշերային փոխհրաձգությունից հետո, օր 11, թարմացվող

Հուլիսի 26-ի կեսգիշերից հետո ոստիկանների և Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող զինյալների միջև փոխհրաձգության արդյունքում վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» խմբի ղեկավար Պավել Մանուկյանը, նրա որդին, ինչպես նաև մեկ ոստիկան։ Նրանք տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, վիրահատվել և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ ՍիվիլՆեթը իրադարձությունների ընթացքին հետևում է ուղիղ ռեժիմով։

***

22։44

ԱԱԾ-ն նախազգուշացրել է, որ կեսգիշերից հետո կարող է զենք կիրառել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա տեղադրել է լուսանկարված այս տեքստը։22:10

Արսինե Խանջյանին ազատ են արձակել։ Ժամը 19-ին մոտ Խորենացի փողոցում ոստիկանները նրան բերման էին ենթարկել։

21։51

Մարդու իրավունքների պաշտպանը անթույլատրելի է համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:19:36

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է,

Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:

19։20

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ գումարելու և ստեղծված իրավիճակի հարցով հանձնաժողով ստեղծելու համար։ Դրա համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն։ Նա կոչ է անում, որ պատգամավորները միանան ստորագրահավաքին։

19։04

Խորենացի փողոցում ոստիկանները բերման ենթարկեցին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։

18։51

Պավել Մանուկյանի և նրա որդի Արամ Մանուկյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում։ Նա ՍիվիլՆեթին ասել է, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել։

Հայր և որդի Մանուկյաններին արդեն առաջադրվել է մեղադրանք՝ ոչնչացնելու սպառնալիքով շենքեր, շինություններ զավթելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու հատկանիշներով։ Մանուկյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը մեկուկես ժամից ավելի նրանց հիվանդասենյակում է եղել, զրուցել է նրանց հետ։

18։43

Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ

ԱԱԾ հայտարարությունը

Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց նկատմամբ, որպես ծայրահեղ միջոց, կիրառվելու է հրազեն:

Այդուհանդերձ, խմբի որոշ անդամներ անտեսել են նշված պահանջը և, առանց հանձնվելու մտադրության կամ այլ հիմնավոր անհրաժեշտության, զինված դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, ինչին ի պատասխան նրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկվել են իրավիճակից թելադրվող գործողություններ: Սկսված հատուկ միջոցառման ընթացքում խմբի որոշ անդամներ իրավապահների ուղղությամբ արձակել են ինտենսիվ և համատարած կրակահերթեր, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմնի ծառայող: Ձեռնարկված համարաժեք գործողությունների արդյունքում վնասազերծվել է խմբի չորս անդամ, որոնցից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսը՝ ստիպված են եղել հանձնվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական և օպերատիվ-հետախուզական եղանակով ձեռք են բերվել հավաստի տվյալներ / այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրություններ /, ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ: Ընդ որում, այդ անձինք մտավախություն են հայտնել, որ հանձվելու փորձի դեպքում կարող են խմբի այլ անդամների կողմից ենթարկվել հաշվեհարդարի: Ավելին, հուլիսի 27-ի առավոտյան խմբի որոշ անդամներ, չարաշահելով վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու պետության պատրաստակամությունը, պատանդ են վերցրել չորս բուժաշխատողի:

ԱԱԾ-ն փաստում է, որ խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկա պահին սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես, վիրավորների կյանքին: Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներից վճռականորեն պահանջում է.

1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները,

2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին,

3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին:

Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է:

17։57

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․

17։50

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ Կապանում բերման է ենթարկվել Արմեն Հովհաննիսյանը։ Նա դատապարտվել էր Շանթ Հարությունյանի հետ, այժմ ազատության մեջ է։ Առայժմ հայտնի չէ, թե Հովհաննիսյանին ինչ հիմնավորմամբ են բերման ենթարկել։

17։47

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները։

16։24

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Բարսեղյանը բերման էր ենթարկվել երեկ, և նրա մասին մինչ այժմ տեղեկություն չկար։

16։09

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված լինելով ՀՀ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Պահակապարեկային ծառայության գնդի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներով՝

  1. Խստորեն դատապարտում է հուլիսի 26-ին ՀՀ իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետեւանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը եւ իրավապահ մարմինների մեկ աշխատակից:
  2. Համոզված է, որ նման գործողությունները խորացնում են երկրում առկա թշնամության եւ անվստահության մթնոլորտը եւ որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր անձինք եւ ուժերը պետք է զերծ մնան թշնամության մթնոլորտը խորացնող հայտարարություններից եւ գործողություններից:
  3. Ակնկալում է, որ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար եւ անընդունելի է համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան:
  4. Վերահաստատում է իր հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակը չունի ուժային լուծում եւ պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով:
  5. Վստահ է, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով:

15։23

Սասնա ծռերը հայտարարել են, որ բժիշկներին բաց կթողնեն, եթե գա առողջապահության նախարարը։

15։15

Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը․

Ապօրինի զենք, զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը
Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սև մեքենաներ, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգում նրան՝ նստացնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։
Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։
Արմեն Միքայելյանի կինը տեղեկացրեց, որ բացվել է քրեական գործ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել)։ Արմեն Միքայելյանի փաստաբանը Երվանդ Վարոսյանն է ( 055 2557 27), կինը՝ Լիանա Եդիգարյան (055 570887)։

13։56

Ալեք Ենիգոմշյանն ասուլիս է հրավիրել, նա ասում է, որ Սասնա ծռերը ոչ մի բուժաշխատողի պատանդ չեն պահում։ «Պարզապես կարևոր է, որ բժշկական ծառայության հերթափոխ լինի։ Պատանդ պահելու լուրը հերյուրանք է»,- ասաց նա։

Նա նշեց, որ «Սասնա ծռերն» ունեն երկու պահանջ։ Առաջինը վերաբերում է բժշկական ծառայությանը, երկրորդը՝ որ «Սասնա ծռերի» անդամները պահանջում են պատգամավորներից, որպեսզի դիմեն ոստիկաններին իրենց հետ հանդիպելու նպատակով։

Ենիգոմշյանը խոսեց պայքարի փուլի փոփոխության մասին։ Իշխանությունների գործողությունները, ըստ նրա, իրենցից պահանջում է մարտավարության փոփոխություն։ «Մենք ոչ ոքի չենք ասում՝ մենք ենք որոշումը կայացնողը, մեզ պետք է հետևեք։ Սա ժողովրդական պայքար է։ Բոլորը կարող են ինքնադրսևորվել։ Այդ ամենը պետք է լինի ներդաշնակ և համակարգված»։

Պավել և Արամ Մանուկյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի փաստաբանի գործառույթը ստանձնել է Լուսինե Հակոբյանը։

Գյումրիի Ժոռւնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր առավոտյան ժամը 6-ին բաց է թողնվել ոստիկանական բաժնից, բայց նա «անգտանելի է»։ «Սա ահազանգ է»,- ասաց Ենիգոմշյանը։

Հակաճգնաժամային խմբի նախաձեռնող անդամ Արմեն Միքայելյանի գրպանը, նրա տուն վերադարձի ճանապարհին, ատրճանակ են գցել և ձերբակալել զենք-զինամթերք պահելու և զինված գործողություն իրականացնելու կասկածանքով։

««Սասնա ծռերը» այս ամենից հետո մտադիր չեն բանակցությունների»։ Պատգամավորներին դիմելը բանակցություններին չի առնչվում։

13։44

Ոստիկանությունը հայտնում է՝ երեկ գիշեր Խորենացի և Տիգրան Մեծ փողոցներից ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի։ Նրանցից մեկին՝ 1979թ. ծնված Արմեն Մ.-ին առաջադրվել է մեղադրանք, քաղաքացին ձերբակալված է։ Մնացած 63 քաղաքացիներն ազատ են արձակվել։

13:24

Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե «որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»: Նա տեղադրել է հետևյալ տեսանյութը․

13։09

Vardges GaspariՔաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին առավոտվանից նախագահական նստավայրին հարող խաչմերուկում է։ «Սերժիկ մարդասպան» գրությամբ պաստառով նա պատրաստվում է դեռ մի քանի ժամ կանգնել՝ իր աջակցությունը ցուցաբերելով «Սասնա ծռեր» խմբին և ողջունելով նրանց պահանջները։

12:56

Պավել Մանուկյանի դուստրը՝ Ասպրամը, ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ ոստիկանությունը իրեն թույլ չի տալիս տեսակցել հորը և եղբորը՝ Պավել և Արամ Մանուկյաններին։ Նրանք վիրահատության են ենթարկվել գիշերը ստացած հրազենային վիրավորումից հետո և գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

12։36

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ՊՊԾ գնդում պատանդված է չորս բուժաշխատող։ Նախարարության հայտարարությունը՝ ստորև։

Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին:

11:52

Սասնա ծռեր խմբի շուրջ գործընթացների «Հակաճգնաժամային խորհրդի» անդամ Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ երեկ ոստիկանության գրոհ չի եղել։Սասնա Ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է:

11:36

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ բժիշկներին պատանդ են վերցրել։

Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

10։57

Հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով:

Մեկնաբանել