Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը

Pavel Manukyan«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը օգոստոսի 4-ի երեկոյան դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ Պավել Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ անսալով «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կոչին և ժողովրդի խնդրանքներին։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Պավել Մանուկյանը, որին առաջադրված է շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք, հացադուլ էր սկսել հուլիսի 27-ից։

Ժիրայր Սեֆիլյանը օգոստոսի 4-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ էր հղել Պավել Մանուկյանին՝ «եղբայրաբար խնդրելով դադարեցնել հացադուլը»։

Պատասխան նամակում Մանուկյանը նշել էր․ «Իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:

Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր:

Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է:

Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայն դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»:

Մեկնաբանել