«Լուսավոր Հայաստանը» միանում է Չորս+ նախաձեռնության ճանապարհային քարտեզին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանում է Չորս+ նախաձեռնության մշակած ճանապարհային քարտեզին, հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից։

«2016թ․ ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը և հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը ստիպում է բոլորիս ելքեր փնտրել դուրս գալու համակարգային այս ճգնաժամից, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է կատարել հրատապ և խորքային փոփոխություններ:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանում է Չորս+ նախաձեռնության կողմից մշակված համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզին՝ այն դարձնելով իր քաղաքական օրակարգի բաղադրիչներից մեկը: Մենք համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է իրականացվեն ճանապարհային քարտեզում նշված բոլոր կետերը` ստիպելով իշխանություններին մինչև խորհրդարանական ընտրությունները գնալ հրատապ և առարկայական փոփոխությունների»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Չորս+ նախաձեռնությունն անցյալ ամիս ստեղծել են քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝ նպաստել ՀՀ Սահմանադրության 1-ին [Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է] և 2-րդ [Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:] հոդվածներով սահմանված կարգի վերականգնմանը, հասնել ՀՀ-ում մարդու իրավունքների սկզբունքների կիրառման և իրավունքի գերակայության, ձևավորել հասարակությունում անձի արժանապատվության արժևորման և բռնության մերժման մշակույթ, նպաստել հասարակության իրավագիտակցության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։

Չորս+ նախաձեռնության՝ համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել