ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ահազանգում են այն մասին, որ իրենց թույլ չի տրվում տեսակցել կալանավորված անձանց:
Այսպես՝ Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ տեղեկացնելով, որ «խոչընդոտելով իր պատգամավորական լիազորությունները՝ իրեն անհիմն թույլ չեն տալիս տեսակցել» քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին:
««Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի:
Լրատվամիջոցներից տեղեկացա, որ վերը նշված անձանցից մի քանիսին տեսակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում՝ եթե խտրականություն չէ, ապա ի՞նչ հիմքերով են տվյալ անձինք տեսակցել մեր հերոսներին: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման վերաբերյալ»,- ասված է Փոստանջյանի դիմումում:
Միևնույն ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը տեղեկացնում է, որ գրությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, քանի որ «կարծում է, որ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի արարքում հանցակազմ կա»:
Փաշինյանի գրությունը՝ ստորև.
«Ս/թ հուլիսի 28-ին այցելել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքին հարակից ընդունարան, ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի վկայականս և ընդունարանի աշխատակցին տեղեկացրել, որ պատրաստվում եմ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր:
Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել: Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել:
Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին և իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որևէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ:
Գտնում եմ, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը թույլ է տվել հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:
Ելնելով վերը նշվածից՝ միջնորդում եմ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներ և քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորի օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտած անձանց»: