ՀՔԾ-ում քննվում է 6 գործ՝ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով

HQCՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ 2016թ․ օգոստոսի 12-ի դրությամբ՝ քննվում է 6 քրեական գործ՝ 2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Մ. Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում, Սարի թաղում, Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում, ինչպես նաև ոստիկանության Աշտարակի բաժնում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով:

«Ըստ հաղորդումների՝ ոստիկանության ծառայողները հիշյալ օրերին հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով գործերի առանձնակի բարդությունն ու մեծ ծավալը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ նախաքննություն կատարելու համար կազմվել են առանձին քննչական խմբեր:

Քրեական գործերի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու և մեղավոր պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 6 քրեական գործերի շրջանակում ուսումնասիրվում են նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ հիշյալ դեպքերին առնչվող բոլոր տեսաձայնագրություններն ու հրապարակումները, բոլոր դրվագներով տարվում է անաչառ, լրիվ և բազմակողմանի քննություն:

Հիշյալ քրեական գործերի շրջանակում հարցաքննվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ, փաստաբաններ, ոստիկանության ծառայողներ:

Հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում հիշյալ դեպքերի ընթացքում տուժած քաղաքացիներին, փաստաբաններին, լրագրողներին (լրատվամիջոցներին) դիմել վարույթն իրականացնող մարմնին, առկայության դեպքում տրամադրել բռնության գործադրման, տեխնիկայի վնասման, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերը հիմնավորող տեսաձայնագրառումները:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել