Մոսկվայի և Բաքվի ռազմական գերատեսչությունները ռազմական և ռազմատեխնիկական տեսանկյունից ունեն քննարկելու բան. երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առաջ ծառացած խնդիրներին, այսօրվա և վաղվա մեր աշխատանքում կփորձենք նախատեսել այն ամենը, ինչի վերաբերյալ պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,- «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Շոյգուն՝ դիմելով Ադրբեջանի նախագահին:
Իլհամ Ալիևն իր հերթին ասել է, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են տարածաշրջանային անվտանգության հետ:
«Ձեր այցը գրեթե միանգամից հաջորդում է ՌԴ նախագահի՝ մեր երկիր այցին: Մեր երկկողմ հարաբերություններն ընդգրկում են լայն շրջանակ: Երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ երկար տարիներ է՝ Բաքուն և Մոսկվան ակտիվորեն «համագործակցում են և զարգացնում համագործակցության պոտենցիալը»: