Ես ադրբեջանական կողմի փոխզիջումը չեմ տեսնում․ Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ փուլում ադրբեջանական կողմի փոխզիջումը չի տեսնում․ այս մասին նա ասել է 7or.am կայքին տված հարցազրույցում։

«Ես ադրբեջանական կողմի փոխզիջումը չեմ տեսնում։ Համենայնդեպս, այդպիսի հայտարարություն չկա ո՛չ Ալիևի, ո՛չ էլ ադրբեջանցի այլ պաշտոնյայի կողմից։ Փոխարենը՝ մեր կողմից իրար հերթ չեն տալիս և զիջումներից են խոսում: Երևի մտածում են, որ դրսում լավ աչքով կնայեն իրենց։

Երբ մեր կողմից անընդհատ հնչում է զիջումների գնալու պատրաստակամության մասին, դա միայն գրգռում է հակառակորդի ախորժակը։ Այդ ախորժակը գրգռվում է նաև այն բանի արդյունքում, երբ տեսնում են, որ մենք չենք զինվում անհրաժեշտ զենքերով»,- ասել է Սամվել Բաբայանը։

Նրա խոսքով՝ տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել․ «Դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում»:

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցիների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ «Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88-ին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը միլիարդավոր դոլարներն ուղղի ոչ թե զենք գնելու, այլ այդ շրջաններում շինարարական ծրագրեր իրականացնելու և բնակեցնելու վրա»,- ասել է նա։

Բաբայանը մատնանշել է, որ հայկական դիվանագիտական զինանոցից հանված է հայ փախստականների ու տեղահանվածների հարցը, մինչդեռ 1989թ․ ադրբեջանական մարդահամարի տվյալներով՝ մոտ 500 հազ․ հայ էր բնակվում Ադրբեջանում․ «Նախկին ԼՂԻՄ-ում և ազատագրված տարածքներում կար 317 հազար ադրբեջանցի։ Եթե հայերի ընդհանուր թվից հանենք Ղարաբաղում այժմ առկա բնակչությունը, ապա մենք դեռ տուժած կողմ ենք։ Անհրաժեշտ է միջազգային դատարանում այս հարցը քննարկման առարկա դարձնել։ Ամբողջ աշխարհը խոսում է մեկ մարդու իրավունքից, այստեղ հարյուր հազարավոր հայ մարդկանց ապրելու և նվազագույն պայմաններ ունենալու իրավունքի հարցն է, բայց, չգիտես՝ ինչու, այս մասին չի խոսվում»։

Բաբայանի խոսքով՝ այսօր փաստացի Ալիևն է դարձել հայկական կողմի համար անցանկալի լուծումը վիժեցնելու երաշխավորը։

«Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից։ Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»-ի վրա է։ Երևանն իր «այո»-ն վաղուց է ասել տարածքների մասով»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Մեկնաբանել