Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Screen-shot-2015-08-12-at-5.23.17-PMԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ըստ դատավճռի՝ ամբաստանյալ Վալերի Պավելի Պերմյակովը հանցավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով [երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով], ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով [ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ] և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով [պետական սահմանի ապօրինի հատման փորձ] նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։

104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով նա դատապարտվեց ցմահ ազատազրկման, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկման 10 տարի ժամկետով, 34-329 հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 2 տարի ժամկետով։

Վերջնական պատիժ սահմանվեց ցմահ ազատազրկումը։ Պատիժը կրելու սկիզբ է հաշվվում 2015թ․ հունվարի 13-ը։

Դատախազ Գևորգ Գևորգյանը Պերմյակովի համար պահանջել էր հենց ցմահ ազատազրկում։

Դատական նախորդ նիստին՝ օգոստոսի 19-ին, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հանդես էր եկել պաշտպանական ճառով: Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ նա նշել էր Պերմյակովի 20 տարեկան լինելը, ժամկետային ծառայության մեջ գտնվելը, նախկինում դատապարտված չլինելը, ինչպես նաև այն փաստը, որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ, սակայն ինֆանտիլ անձ է:

Պերմյակովը հրաժարվել էր վերջին խոսքի իրավունքից։ Դատական գործընթացի ընթացքում նա իրեն մեղավոր էր ճանաչել ներկայացված բոլոր մեղադրանքներում։

***

Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքը Գյումրիում սպանդի էր ենթարկվել 2015թ․ հունվարի 12-ին։ Մեղադրյալ, Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։

Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարանը անցյալ տարվա օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել էր խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

Ըստ այսօր հրապարակված դատավճռի՝ այս պատիժը կլանվեց ցմահ ազատազրկման մեջ։

Մեկնաբանել