Հայ-ռուսական գազատարի պայթեցման փորձի հետևում տեսնում են Սաակաշվիլիի հետքը

Saakashvili GeorgiaՎրաստանում երեկվանից ամենաքննարկվող թեման է կանխված ահաբեկչությունը: Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է հինգ քաղաքացու, ովքեր մտադիր էին ահաբեկչական գործողություն իրականացնել երկրի տարածքում՝ պայթեցնել Սագուրամո գյուղի հարակից տարածքով անցնող Ռուսաստանն ու Հայաստանը միացնող գազատարը: Ինչպես հաղորդում է agenda.ge կայքը, ևս երկուսը ձերբակալվել են պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցագործության մասին տեղեկատվության չհրապարակման մեղադրանքներով: Մինչդեռ Վրաստանում երեկվանից կարծիքներ են հնչում, որ հանցախմբի անդամներից ոմանք կարող են կապ ունենալ Ուկրաինայի և նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:

Համենայնդեպս, երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Սավլե Մոթիաշվիլին, մեկնաբանելով վարկածը, ասել է, որ «ձերբակալվածներից մեկը հաճախ է Ուկրաինա մեկնել, սակայն դեռ հայտնի չէ, թե ում հրամաններն է կատարել»:

Ինչպես գրում է civil.ge-ն, Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին նույնպես անդրադարձել է այն հարցին, որ խմբի անդամներից մեկը կապված է Ուկրաինայի հետ և դա համարել «շատ կարևոր տեղեկատվություն»: Սեսիաշվիլին, սակայն, ձեռնպահ է մնացել որևէ մեկին մանտնանշելուց:

Նախապատրաստվող ահաբեկչությունում ուկրաինական հետքի կողմնակիցները հղում են անում Դոնբասում Կիևի կողմից կռվող՝ «Վրաստանի ազգային լեգեոնի» մարտիկ Վանո Նադիրաձեի` սոցցանցերում արված գրառմանը, ըստ որի՝ Վրաստանում ձերբակալվածներից երկուսը «իրենց օգնել են Ուկրաինայում»: Նադիրաձեն, սակայն, «Կոմերսանտի» հետ զրույցում տեղեկացրել է, որ ձերբակալվածները բուն ռազմական գործողություններին չեն մասնակցել, այլ «օգնել են հանդերձանք և վրացական դրոշներ ուղարկելով»:

Իսկ ահա Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի համոզմամբ՝ Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «ձեռնտու է» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

«Դժվար չէ կռահել, որ ընտրություններից առաջ ապակայունացումը շատ ձեռնտու է Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը: Ես չեմ կարող ուղղակիորեն նրանց մեղադրել գազատարի վրա ահաբեկչական գործողություն կատարելու նախապատրաստության մեջ, սակայն նրանց մոտ կարող էր ծնվել նման նենգ ծրագիր»,- «Կոմերսանտը» մեջբերում է Կոբախիձեի խոսքերը, որոնք նա ասել է GDS հեռուստաալիքի եթերում:

Վրաստանի ԱԱԾ ակնարկներն առ այն, որ չկայացած ահաբեկչական գործողության հետ ինչ-ինչ կապ ունի Ուկրաինան, «անընդունելի է» համարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին:

«Եթե կասկածում եք Միշային [Միխեիլ Սաակաշվիլիին] և նրա կուսակցությանը, պետք էր ասել, որ պարզում եք, թե արդյոք դրա հետևում կանգնած է Միշան»,- ինչպես հաղորդում է civil.ge-ն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Խիդաշելին, որի Հանրապետական կուսակցությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցության դաշնակիցն էր ընդհուպ մինչև հուլիսի վերջ:

Վրաստանի որոշ վերլուծաբաններ և ընդդիմության ներկայացուցիչներ քարոզարշավի թեժ շրջանում ԱԱԾ-ի կողմից Ուկրաինայի և Սաակաշվիլիի անվան հիշատակումը որակում են գործող իշխանությունների «կանխամտածված քայլ», որը միտված է քաղաքական սադրանքների իրականացմանը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել