Տիգրան Սարգսյանը խոսել է ԵՏՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության մասին

Tigran SargsyanԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և խոսել կառույցի՝ Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարի, ներկայում ընթացող բանակցությունների մասին:

Սարգսյանը, որը նոր է վերադարձել Չինաստանից, արձանագրել է, որ կողմերի միջև բանակցային գործընթացը «ինտենսիվ է ընթանում, և իր այցի նպատակներից մեկը դրա խթանումն էր»:

«Չինական կողմը, ինչպես նաև ԵՏՄ անդամ-պետությունները առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը դիտարկում են որպես կազմակերպության և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» (ՄՃՏԳ) չինական նախաձեռնության զուգակցման գործընթացի մաս: Բուն ՄՃՏԳ-ն գլոբալ նախագիծ է, որի մեջ մտնում են տարբեր բաղադրիչներ՝ տնտեսոթյուն, առևտուր, տրանսպորտ, մշակույթ, կրթություն և այլն»,- տեղեկացրել է Սարգսյանը:

Նա հերքել է պնդումը, թե առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը կփոխարինի ԵՏՄ-ի առանձին անդամների երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գործում է իր իրավասության շրջանակում և ոչ մի կերպ չի փոխարինում ազգային ինքնիշխանությանը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, և, ըստ էության, չունի այդպիսի հնարավորություն»,- նկատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝ հստակեցնելով, որ համաձայնագրի հիմնական ուղղությունները հաստատված են ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների մակարդակով:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՏՄ-ն «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» հետ զուգակցման հարցում ընդհանուր մոտեցումներն արդեն համաձայնեցված են անդամ-պետությունների միջև, և այժմ անհրաժեշտ է հարցը քննարկել չինացի գործընկերների հետ:

Մեկնաբանել