16-ամյա այս աղջիկները՝ Իրինան, Անահիտը և Անին, ապրում են Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղում: (Լուսանկարը՝ Ստեփան Սարգսյանի, ՍիվիլՆեթ)
16-ամյա այս աղջիկները՝ Իրինա Բադալյանը, Անահիտ Ապերյանը և Անի Մկրտումյանը, ապրում են Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում:
Այս տարի նրանք փոխադրվել են 11-րդ դասարան: Ասացին, որ իրենց դասարանում յոթ հոգի են, որից մեկը հավանաբար կհեռանա գյուղից: Տասնմեկ տարի առաջ սեպտեմբերի 1-ին, երբ նրանք առաջին անգամ գնացին դպրոց, նրանց դասարանում աշակերտների թիվը 14 էր: Ուղիղ կեսը արտագաղթել են Մովսեսից:
Նրանցից մեկը, ով ծնողների հետ արտագաղթել և ապրում է Մոսկվայում, մի քանի օր առաջ համադասարանցիներին գրել է, որ կարոտում է:
Այս սեպտեմբերի 1-ին սահմանային Մովսես գյուղի դպրոց կգնա 122 աշակերտ:
Երկու տարի առաջ այս դպրոցում աշակերտների թիվը 160-ից ավելի էր:
1960-ականների վերջերին - 1970-ականների սկզբին այս դպրոցում սովորում էր 1200 աշակերտ:
40-45 տարիների ընթացքում Մովսեսի դպրոցի աշակերտների թիվը պակասել է մոտ տասն անգամ:
2013-ին՝ նախագահական ընտրությունների նախօրեին, այստեղ էր այցելել Սերժ Սարգսյանը: Եկեղեցու բակում մի ծերունի նեղսրտել էր, որ պետք է մի բան անել, արտադրամաս հիմնել, որպեսզի գյուղը չդատարկվի: Ծերունին ասել էր, որ իր որդին էլ է արտագաղթել:
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը վրա էր բերել՝ «Ես ե՞մ մեղավոր, որ քո որդին արտագաղթել է»:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարը՝ Ստեփան Սարգսյանի, ՍիվիլՆեթ
Թաթուլ Հակոբյան











