Օտարվել Ցեղասպանության բանաձևից. Թուրքիայի վերջնագիրը Գերմանիայի կառավարությանը

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Գերմանիայի կառավարությանը` գերմանացի խորհրդարանականների՝ Ինջիրլիքի ռազմակայան այցելության հետ կապված, գրել է Der Spiegel պարբերականը:

Վերջինիս տվյալներով՝ թուրքական կողմը պատրաստ է նման այցելություն թույլատրել, եթե Գերմանիայի կառավարությունն իրեն օտարի Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:

«Մենք կարող ենք ապրել այն փաստով, որ Բունդեսթագը նման որոշում է ընդունել, սակայն Գերմանիայի կառավարությոյւնը պետք է հստակեցնի, որ «ցեղասպանություն» եզրը իրավական նշանակություն չունի»,- Der Spiegel-ը մեջբերում է թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքերը:

Պարբերականը նկատում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն «տենդագին փորձում է գտնել լուծում», որը բոլոր կողմերին թույլ կտա «փրկել երեսը»:

Թերթը գրում է, որ Թուրքիա այցելության ընթացքում Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարարը հայտարարել էր, որ Բունդեսթագի բանաձևում մատնանշված է նաև Թուրքիայի հետ համագործակցող գերմանական կայսրության դերակատարությունը հայերի զանգվածային սպանդում: Նրա խոսքով՝ բուն փաստաթուղթն ուղղված չէ թուրքական իշխանություննդերի դեմ, և խոսքն ընդամենը գերմանացիների մեղքի գիտակցման մասին է:

Der Spiegel-ն արձանագրում է, որ Անկարային նման ժեստերը չեն բավարարում, և նա պահանջում է, որ Գերմանիայի կառավարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես գա ամենաբարձր՝ կանցլերի կամ ԱԳՆ ղեկավարի մակարդակով:

Թուրք-գերմանական բանակցություններին օրերս անդրադարձել էր նաև Reuters գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասելէ, որ ակնկալում է՝ գերմանական զորակազմը կշարունակի արդյունավետորեն գործել ՆԱՏՕ-ի ռազմաբազայում՝ չնայած գերմանացի պատգամավորների՝ առաքելությանը վերջ դնելու սպառնալիքներին:

Անգելա Մերկելը հավելել է, սակայն, որ գերմանացի օրենսդիրներին պետք է թույլատրվի այցելել ռազմաբազա: Կանցլերը տեղեկացրել է, որ Բեռլինը Անկարայի հետ վեճի հանգուցալուծման շուրջ քննարկումների մեջ է, սակայն մանրամասներ չի հաղորդել:

Մինչդեռ Գերմանիայի իշխող կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկված սոցիալ-դեմոկրատկների խոսնակը Reuters-ին ասել է, որ իր կուսակցությունը կպահանջի Թուրքիայից զորակազմի և տեխնիկայի դուրսբերում, եթե հոկտեմբերին խորհրդարանականներին կրկին թույլ չտան այցելել Ինջիրլիքի ռազմակայան:

Այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որից վրդովված՝ Թուրքիան թույլ չի տալիս, որ գերմանացի խորհրդարանականները մուտք գործեն Ինջիրլիքի ռազմաբազա:

Հուլիսին գերմանացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին, որ Գերմանիան հետ կկանչի Թուրքիայյի Ինջիրլիք ռազմաբազայի իր զորակազմը, եթե Անկարան շարունակի արգելափակել գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմաբազա:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան:

Մեկնաբանել